Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով տարածաշրջանային համագործակցությունը խթանող կարևոր ձևաչափ:
Նրա խոսքով, կազմակերպության հիմնական առաքելությունը՝ ապահովել Սևծովյան տարածաշրջանի կայունությունը տնտեսական համագործակցության միջոցով և նպաստել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, լիովին համահունչ է Հայաստանի նպատակներին:
ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը ներկայացրել է վեհաժողովի երևանյան նիստում քննարկված հարցերի շրջանակը, ինչպես նաև խոսել իր պաշտոնավարման անցած վեց տարիներին կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների մասին:
