ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, մեկնաբանելով ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչը, ասել է, որ անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը: Նա հիշեցրել է, որ դեռ մի քանի տարի առաջ Հանրային խորհուրդը կոչ է արել աշխատել Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ:
Չնայած որ այս հարցն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի արտաքին քաղաքանության առաջնային խնդիրներից է, հայ դիվանագետները բավարար ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ: Ավելին, ոչ Հայաստանի և ոչ էլ Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը չեն հայտնել իրենց վերաբերմունքն ամերիկյան նահանգի որոշման մասին:
Բաքվում հասկանում են միջազգային ճանաչման վտանգը: Նրանց աչքի առաջ է Հայկական ցեղասպանության օրինակը, որ Թուրքիային հանգիստ չի տալիս արդեն 97 տարի: ԱՄՆ նահանգների մեծամասնությունը և ավելի քան 2 տասնյակ երկրներ արդեն ճանաչել են ցեղասպանությունը, և դա թույլ է տալիս միջազգային հանրությանը մանիպուլյացիայի ենթարկել Թուրքիային:
Նույն ճակատագիրը սպասում է նաև Ադրբեջանին, եթե ամերիկյան նահանգները և մյուս պետությունները սկսեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Նույնիսկ եթե դա այսրոպեական արդյունքների չբերի, ճանաչումը կարող է մտրակ դառնալ միջազգային հանրության համար, որով «կձգեն» Ադրբեջանին:
Հայ դիվանագիտությունը ջանքեր չի գործադրում ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Չի օգտագործվում սփյուռքի վիթխարի պոտենցիալը, չեն օգտագործվում միջազգային կազմակերպությունների ամբիոնները և չի իրականացվում համապատասխան տեղեկատվական քաղաքականություն: Ճանաչումը կապվում են բացառապես բանակցությունների և պատերազմի հետ, սակայն դիվանագիտական աշխատանքը կարող է հանգեցնել ճանաչման, շրջանցելով այդ երկու գործընթացները:
Վերջերս Ղարաբաղ այցելեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչաևյանը, ով հանդիպումների և դասախոսությունների ժամանակ փորձում էր ապացուցել ղարաբաղցիներին, որ եթե ժողովուրդը հայտարարում է ինքնորոշման մասին, ապա տարածքային ամբողջականության սկզբունքն այլևս չի կարող գործել: Ղարաբաղցիները շփոթվել էին, թե ինչու է նա իրենց փորձում ապացուցել, իրենք առանց ասելու էլ տեղյակ են: Ավելի լավ է թող ապացուցի իր նախագահին, որ ճանաչման գործընթացը կարող է ամրապնդել ինքնորոշումը, և Հայաստանը պետք է առաջինը կատարի այդ քայլը:
Միջազգային ճանաչումը խթանելու ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ է կատարում Դաշնակցությունը: Հենց այդ կուսակցության շնորհիվ է, որ անցած տարի Ուրուգվայի արտգործնախարարը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման ամենաճիշտ տարբերակը կարող է լինել ԼՂՀ ճանաչումը: Սակայն, գործընթացը շարունակություն չունեցավ Հայաստանի կողմից համապատասխան արձագանքի բացակայության պատճառով:
ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունները պետք է գոնե ողջունեն Ռոն Այլենդ նահանգի որոշումը, ցույց տալու համար, որ հայերն իսկապես գնահատում են այդ որոշումը: Այդ մասին կարող էին հայտարարել հայկական և ղարաբաղյան կուսակցությունները, բայց բոլորը զբաղված են ընտրություններով և հետընտրական գործընթացներով: Նալբանդյանը դեռ համոզված չէ, կմնա արդյոք ինքը իր պաշտոնում նոր կառավարության կազմավորումից հետո, իսկ Ղարաբաղում արդեն մեկ տարի է արտգործնախարար չկա, կա միայն ժամանակավոր պաշտոնակատար: Հենց այսպիսի պոտենցիալով Հայաստանի կառավարությունն իրականացնում է արտաքին քաղաքականությունը:
