Վենեսուելայի տեղական թերթերից մեկի համար խաչբառեր կազմող անձին կասկածել են նախագահ Ուգո Չավեսի եղբորը սպանելու կոչ անելու մեջ: Այս մասին հայտնում է Ռոյթերը:
Ենթադրությունն այն մասին, որ գաղտնի ուղերձը կոդավորված է խաչբառի պատասխանների մեջ, հայտնել է պետական հեռուստատեսության մեկնաբանը: Հաղորդավարի խոսքով, մի խումբ մաթեմատիկոսներ, հոգեբաններ և այլ մասնագետներ ուսումնասիրել են Ultimas Noticias թերթի խաչբառը և եկել այն եզրակացության, որ նրանում կոդավորված է Ադան Չավեսի` Բարինաս նահանգի նահանգապետի նկատմամբ մահափորձի նկարագրությունը:
Գործակալությունը նշում է, որ խաչբառի պատասխաններում կային այնպիսի բառեր, ինչպիսիք էին Adan (նախագայի եղոր անունը), asesinen (սպանել բայի ստորադասական եղանակը) եւ rafaga (գնդացրային կրակահերթ բառի հոմանիշներից մեկը): Դրանից հետո թերթի խմբագրություն են այցելել հատուկ ծառայությունների վեց սպա, որպեսզի տեղեկություն ստանան խաչբառի հեղինակ Նեփթալի Սեգովիայի մասին: Իմանալով այդ մասին, հեղինակն ինքը կամավոր ներկայացել է Վենեսուելայի անվտանգության ծառայություն` բացատրություն տալու համար: Նա հերքել է հանցավոր մտադրության մասին կասկածները` ընդգծելով, որ իր աշխատանքն ունի բացառապես մշակութային և կրթական նպատակ ու բացարձակ թափանցիկ է:
