Այսօր Երեւանում մեկնարկեց Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարեկան խորհրդաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 37 երկրների 54 լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչներ: Այս կապակցությամբ մամուլի ասուլիս էին հրավիրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սըր Գրահամ Ուաթսոնն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Ի դեպ, ELDR նախագահն ինքն էլ ասաց, որ խորհրդաժողովն այս օրերին անցկացնելը կապված էր ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների հետ: Անդրադառնալով ԱԺ ընտրություններին, Ուաթսոնն ասաց, թե նախորդ տարիների նման չեն գրանցվել ակներեւ խախտումներ, ինչն էլ որակեց առաջընթաց: Սակայն Ուաթսոնը նշեց, որ այնուամենայնիվ, եղել են կեղծիքներ, որոնք դեռ մտածելու տեղիք են տալիս: Նա մատնանշեց անձնագրերում դրվող դրոշմակնիքների շուտ օքսիդացումը: «Եղել են այնպիսի ընտրատեղամասեր, որտեղ պարզվել է բնակչության 102 տոկոսն է քվեարկել: Այս ամենը դեռ մտածելու տեղիք է տալիս»,- նշեց նա:
Ուաթսոնը նաեւ նշեց, որ խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց թվում է նաեւ ՀՀՇ նախագահը, ակտիվ աշխատանք կծավալեն ԱԺ-ում և իրենց համար խիստ անհրաժեշտ են բոլոր ժողովրդավարական ստանդարտների հանդեպ հարգանքը: «Այդ առումով դեռ շատ անելիք կա»,- ասաց կուսակցապետը:
