Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվրոպա» բազմաֆունկցիոնալ համալիրի բացումը, որտեղ տեղակայվել են «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղը, տարբեր ընկերությունների գրասենյակները եւ հյուրանոց: Բացման արարողությանը մասնակցել են Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը:
Հատկանշական է, որ կենտրոնը կոչվում է Եվրոպա: Մինչ այժմ Ղարաբաղում բացվող շինությունների անունը հիմնականում «Ռուսաստան» էր լինում:
Ինչու՞ է կենտրոնը կոչվել Եվրոպա: Արդյո՞ք փոխվել է ղարաբաղյան ղեկավարության կողմնորոշումը, որը չէր էլ թաքցնում, որ ձգտում էր Մոսկվա: Թե՞ իր դերն է խաղացել Ղարաբաղի հետ ուղիղ շփումներ հաստատելու ԵՄ որոշումը: Իսկ հնարավո՞ր է այդպես է խորհուրդ տվել Հայաստանի ղեկավարությունը, որն այժմ ակտիվ կապեր ունի եվրոպական կառույցների հետ:
Բանը հասել է նույնիսկ նրան, որ Հայաստանում Հանրապետական կուսակցությանն անվանում են եվրոպամետ, ԲՀԿ-ն՝ ռուսամետ, իսկ Ժառանգությանն՝ ամերիկամետ: Եթե հետեւենք այդ տրամաբանությանը, Հայաստանում մեծամասնություն է վերցրել եվրոպական կուսակցությունը: Եվ դա չէր կարող չարտացոլվել Ղարաբաղում:
