Վաղը Ֆրանսիայում, Հունաստանում և Հայաստանում ընտրություններ են, որոնք կարող են շրջադարձային լինել ոչ միայն այդ երկրների համար: Եվ քանի որ Հայաստանում այսօր «լռության օր է», եկեք խոսենք Հունաստանի և Ֆրանսիայի մասին:
Հունաստանը ամենաշատն է տուժել ներկայիս համաշխարհային տնտեսական համակարգից, որը փորձում է կենտրոնացնել ամեն ինչ մի կետում և կախվածության մեջ դնել ամբողջ աշխարհը մի խումբ մարդկանցից: Այդ համակարգի գլխավոր դեմքերն են Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ը, որոնց ձեռքերում է ոչ միայն կառավարությունների ճակատագիրը, այլ նաև պետությունների:
Պետությունները, որոնք հրաժարվում են այդ համակարգից, հայտնվում են տխուր իրավիճակում: Դրա վառ օրինակն է Հունաստանը: Վաղը Հունաստանի հանրությունը պետք է որոշի կամ վերջնականապես դառնալ այդ համակարգի պատանդը և թույլ տալ սեփականացնել ազգային բարիքը, կամ թքել Եվրոպայի վրա և գնալ սեփական ճանապարհով:
Երկու հիմնական կուսակցությունները, որոնք 1974 թվականից իրար փոխարինելով կառավարում են երկիրը, կողմնակից են «կոշտ տնտեսական միջոցներին», որոնք գործնականում նշանակում են Հունաստանի հիմնական ակտիվների սեփականաշնորհում. գազատարներից մինչև զբոսաշրջային կղզիներ: Եվ զգուշացնում են, որ եթե Հունաստանը ընտրի նրանց, ովքեր կողմ են եվրոգոտուց դուրս գալուն, ապա երկիրը կհայտնվի դեֆոլտի մեջ:
Տասնյակ ավելի փոքր, հիմնականում ուլտրաազգային կուսակցություններ ասում են, որ երկիրը ցանկացած դեպքում կհայտնվի ճգնաժամային իրավիճակում, և պետք չէ վախեցնել անխուսափելի ապագայով: Նրանք ասում են, որ Հունաստանի բարիքը բավական է և առանց Եվրոպայի: Բացի դրանից, այդ ուժերին միացել են նաև հակագլոբալիստները և Գրավիր շարժման ակտիվիստները, ովքեր պայքարում են ներկայիս համաշխարհային ֆինանսական համակարգը կոտրելու համար:
Ֆրանսիայում նույնպես ընտրության ցանկացած արդյունք կբերի շրջադարձի: Այժմ հարցումների համաձայն հաղթում է սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, և նրա հաղթանակի դեպքում Ֆրանսիան նույնպես կարող է ոչ ասել համաշխարհային ֆինանսական համակարգին, որը թույլ չի տալիս է տնտեսության սոցիալականացում: Իսկ Սարկոզիի հաղթանակի դեպքում նա պետք կատարի նախընտրական խոստումները և կոշտացնի միգրացիոն քաղաքականությունը:
Ինչ էլ որ լինի, մայիսի 6-ից հետո Եվրոպայում կփոխվեն կողմնորոշիչները. ինչպես Հունաստանը, որը կարող է ճեղքել եվրոգոտին, այնպես էլ Ֆրանսիան, որը նույնպես կարող է հարվածել համաշխարհային ֆինանսական համակարգին:
Իսկ ի՞նչ տեղի կունենա Հայաստանում:
