Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում պայթյուն է տեղի ունեցել Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի շենքի մոտ: Երկրի իրավապահ մարմինները հայտնում են, որ, բարեբախտաբար, տուժածներ չկան, թեթևակի վնասվել է միայն շենքը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք հաստատում ենք, որ դա պայթուցիկ սարք է, սակայն դատախազությունն արգելել է ինչ-որ տեղեկություններ տրամադրել, քանի որ այն կարող է խանգարել հետաքննությանը»,-նշել է ոստիկանությունը:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես երկու անհայտ անձիք մոտենում են ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ, դռան մոտ թողնում կասկածելի պայուսակ և հեռանում: Մի քանի րոպե անց տեղի է ունենում պայթյուն:
Արգենտինայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը Բուենոս Այրեսում ԵՄ դեսպանին հայտարարել է, որ «արգենտինացի ժողովուրդը և կառավարությունը դատապարտում են այս գործողությունը, ինչպես նաև բռնության ցանկացած ձև»:
Վերջին շրջանում շարունակվում է լարվածությունը Արգենտինայի և ԵՄ-ի միջև: Ապրիլի 23-ին ԵՄ-ն հայտարարեց, որ պատրաստ է Առևտրի համաշխարհային կազմակերպություն հայց ներկայացնել Արգենտինայի դեմ` Բուենոս Այրեսին մեղադրելով Եվրոպայից ներմուծվող որոշ ապրանքների վրա արգելք դնելու համար: ԵՄ ներկայացուցչի խոսքերով, այդ սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները:
Անկախ փորձագետները ԵՄ այս գործողությունները դիտում են որպես փորձ` ազդելու Բուենոս Այրեսի վրա, որը ցանկանում է ազգայնացնել Yacimientos Petroliferos Fiscales (YPF) նավթային ընկերությանը եւ որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է իսպանական Repsol նավթային խմբին:
Պայթյուն Բոնես Այրեսում ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ
- Քաղաքականություն - Չորեքշաբթի, 02 Մայիսի 2012, 09:47
