ԵԱՀԿ-ն հերթական մշտադիտարկումն է արել հայ-ադրբեջանական շփման գծում, որի ընթացքում, ինչպես միշտ, որեւէ միջադեպ չի արձանագրվել: Մինչդեռ, ընդամենը մի քանի օր առաջ էր, որ շփման գծում մի քանի աղմկոտ միջադեպեր գանցվեցին իրար հետեւից, ինչին զոհ գնացին չորս հայ զինծառայողներ: Ընդ որում, նրանցից երեքը զոհ գնացին դիվերսիոն գործողությանը, որ իրականացվել էր Տավուշի մարզի սահմանին:
Ի՞նչ խնդիր են լուծում ԵԱՀԿ մշտադիտարկումները, որոնք ամեն անգամ անցնում են առանց միջադեպի: Չէ որ այն, ինչ կոչվում է հրադադարի ռեժիմի խախտում, տեղի է ունենում ոչ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացնում:
Ինչի՞ համար են այդ ակցիաները: Ինչ կլինի, եթե մշտադիտարկումներ չլինեն: Ինչ կլինի, եթե այդ մշտադիտարկումների փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կամ ընդհանրապես ԵԱՀԿ առաջատար պետությունները եւ դիվանագետները պարզապես հստակ, կոնկրետ, առարկայորեն գնահատեն հրադադարի ռեժիմի խախտումներն ու անեն հստակ հայտարարություններ դրա մեղավորների կապակցությամբ:
Ռուսաստանի նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպումներից մեկի ժամանակ ընդունվեց հայտարարություն, որտեղ խոսվում էր սահմանային միջադեպերը հետաքննելու մասին:
Ի՞նչ միջադեպ է մինչ այժմ հետաքննվել: Կարո՞ղ է արդյոք ԵԱՀԿ-ն այդ գործում հետեւողական լինել, լինել նախաձեռնող եւ հակամարտող կողմերից պատասխան պահանջել տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ:
Երբ չեն արվում այդօրինակ առարկայական քայլեր ու նախաձեռնություններ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայտարարություններում որեւէ կերպ չեն ցանկանում խախտել այսպես ասած դիվանագիտական հավասարակշռությունն ու հստակ մատնանշել պատասխանատուներին, գնահատել հակամարտ կողմերի պահվածքը առավել առարկայորեն, ԵԱՀԿ մշտադիտարկումները պարզապես վերածվում են պարզ ձեւականության, որոնց ընթացքում ընդամենն անիմաստ վատնվում են հարկատուների փողերը, որոնցով աշխատում է ԵԱՀԿ-ն:
Թերեւս անհրաժեշտ է, որ հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդները մտածեն հրադադարի ռեժիմի վերահսկողության առավել գործուն մեխանիզմներ ձեւավորելու մասին, հրադադարը խախտող կողմի հանդեպ առավել գործնական ազդեցության լծակներ կիրառելու կամ ձեւավորելու մասին: Եթե իհարկե մշտադիտարկումները չունեն այլ նպատակներ ու թիրախներ, եւ եթե միջնորդներն ունեն հրադադարի ռեժիմը պահելու եւ մարդկային կյանքերը պահպանելու իրական նպատակ եւ արդյունավետ գործողությունների ցանկություն:
