Մալիի ռազմական խունտան մայիսի 1-ի առավոտյան վերահսկողություն է հաստատել պետական հեռուստառադիոընկերության, Բամակոյի օդանավակայանի և Կատիում գտնվող ռազմական բազայի վրա: Ինչպես հայտնում է Ռոյթերը, այդ մասին հայտարարվել է պետական հեռուստատեսության եթերում:
Ականատեսները գործակալությանը պատմել են, որ հեռուստառադիոընկերության շենքի մոտ լսվել են փոխհրաձգության ձայներ:
Ավելի վաղ հայտնվել էր, որ շենքում փոխհրաձգություն է տեղի ունեցել զինծառայողների և Մալիի տապալված նախագահ Ամադու Տումանի Տուրեի կողմնակիցների միջև, որի արդյունքում սպանվել է մի քանի մարդ:
Մալիի ռազմական խունտան պետական հեղաշրջում իրականացրեց մարտի 22-ին: Արդյունքում երկրի նախագահը զրկվեց իշխանությունից, այնուհետև հրաժարական տվեց և փախուստի դիմեց Սենեգալ: Պետության ղեկը ստանձնեց խունտայի առաջնորդ, կապիտան Ամադու Սանոգոն:
Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական միության մեջ մտնող երկրները կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին Մալիի նկատմամբ` բանակից պահանջելով իշխանությունը վերադարձնել քաղաքացիական կառավարությանը: Ապրիլի կեսերին խունտան համաձայնվեց երկրի ղեկավարությունը հանձնել Ազգային ժողովին, որը, ինչպես և ենթադրվում էր, ղեկավարելու է մինչև ընտրությունները:
