Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ պարոն Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում ս.թ. մայիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` Հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի ազգային մասերի լիազորությունների շրջանակը և հետագա աշխատանքների իրականացման կարգը, ներկայացվել են երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, սահմանվել է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շրջանակը:
Նիստի ավարտին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Խրիստաս Մալիկկիդիսը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
