Ռուսաստանի ներկայիս իրավիճակի առեղծվածը նաև այն է, որ չնայած պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև արտաքին քաղաքականության համակարգերի համալիրը գտնվում էր Պուտինի վերահսկողության տակ, այնուամենայնիվ, սպասում էին ամբողջական քաղաքական որոշակիության, որը և տեղի ունեցավ: Ռուսաստանում չի կարող լինել ավելի ճակատագրական ու անպտուղ բան, քան սպասողական վիճակը, բայց այժմ սկսվել է առաջարկությունների և նախաձեռնությունների մրցավազք, երբ բոլոր ծառայությունները և կառույցները, իրար հրմշտելով, փորձում են կայունացնել իրենց տեղը Ռուսաստանի քաղաքականության և կառավարման մեջ:
Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում Ռուսաստանի քաղաքական դասը ենթարկվում էր բավական կոշտ ֆիլտրացիայի, և այժմ շատերին թվում է, որ վերջապես եկել է ժամանակը, երբ ռուսական էլիտայի հիմնական խմբերը լիովին հասունացել են և կարող են իրականացնել ռազմավարական նպատակներ, ինչը կապված է Պուտինի քաղաքական գործունեության նոր փուլի հետ:
Սա չի կարելի ժխտել, և ըստ երևույթին Ռուսաստանում հայտնվել են պրոֆեսիոնալների ստեղծագործական խմբեր, որոնք պատրաստ են զբաղվել գիտության, տեխնիկայի, քաղաքականության և անվտանգության առավել բարդ խնդիրների լուծմամբ: Ռուսական էլիտային ներշնչում է այն, որ ռուսական քաղաքական վերնախավն ու օլիգարխիկ բուրժուազիան բավական ներդաշնակ համագործակցում են:
Ինչու հենց այս հանգամանքն է համարվում ժամանակակից ռուսական վերնախավի հասունացման նշան, չնայած հասունացում հասկացությունը իր մեջ ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, այդ թվում նաև գաղափարական և հոգևոր: Այնուամենայնիվ, Ռուսաստանի պատասխանատու կառույցները ձեռնամուխ են եղել ազգային քաղաքականության մի շարք սկզբունքային ուղղությունների մշակմանը եւ ծավալմանը, ներառյալ նաեւ տարածաշրջանային քաղաքականությունը, որը դարձել է կարեւորագույն ուղղություն, քանի որ Ռուսաստանը կորցնելով լիարժեք համաշխարհային տերության կարգավիճակը, փորձում է հաստատել իր դիրքերը տարածաշրջաններում:
Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը ներառում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են բանակի և ռազմածովային նավատորմի արդիականացումը, գեոտնտեսությունը, առաջին հերթին էներգետիկան, Հյուսիսային և Սիբիրի տարածքների յուրացումը, ժողովրդագրական խնդիրների լուծումը, Արկտիկայի և Խաղաղօվկիանոսյան, Կենտրոնասիական և Սևծովյան-Կովկասյան խնդիրների կարգավորումը:
Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանը առավել խնդրահարույցն է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ, սակայն դեռեւս չկա իրավիճակի սկզբունքային փոփոխության և Ռուսաստանի դիրքի բարելավման ոչ մի հույս: Ռուսաստանին չհաջողվեց նույնիսկ որոշ չափով կարգավորել հիմնական կոնֆլիկտային խնդիրները ոչ միայն ուժի համաշխարհային, այլ նաև տարածաշրջանային կենտրոնների հետ:
Ռուսաստանին չի հաջողվել պայմանավորվել ոչ Արևմտյան, ոչ էլ Ասիական տերությունների հետ տվյալ տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Հասկանալի է, որ տնտեսական, ռազմական և քաղաքական ռեսուրսները սահմանափակ են, և հույս չկա, որ Ռուսաստանին կհաջողվի հաղթահարել սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք ներկայում առաջացել են հարևան տարածաշրջաններում և կապված են տարածաշրջանային մեծ պատերազմի սպառնալիքի հետ:
Այժմ Ռուսաստանը փորձում է ցույց տալ իր ձգտումների հաստատակամությունը, բայց մինչև ե՞րբ և որքա՞ն հետևողական կտարվի այդպիսի քաղաքականությունը: Այդ կապակցությամբ կարող է առաջանալ իրավիճակ, երբ ներկայիս ռուսական վերնախավը կնախընտրի խաղալ տարբեր արտաքին քաղաքական խաղեր, օգտագործելով տարբեր հնարքներ, փորձելով արտաքին միջավայրը, մտնելով որոշակի քաղաքական առևտրի մեջ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրախորհրդի, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի և, հավանական է նաև, առաջատար արաբական երկրների հետ:
Ներկայում Ռուսաստանը դեռ փորձում է սահմանել եւ հաստատել իր դիրքերը հայտնի աշխարհաքաղաքական սահմաններով, որոնք ենթադրում են անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության իրականացում առնվազն հետխորհրդային տարածքի սահմաններում: Սեւծովյան-Կովկասյան եւ Կենտրանական Ասիայի պետությունների համար դա կհանգեցնի բավական բարդ հեռանկարի:
Ներկայում Ռուսաստանը բավական լուրջ պայմանավորվածություններ ունի Եվրասիայի մի շարք պետությունների հետ, եւ նա փորձում է ցուցադրել սեփական պարտավորությունների կատարումը, սակայն, ունենալով նման պայմանավորվածություններ, Ռուսաստանը պատրաստ է նաեւ մանիպուլյացիայի ենթարկել դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերությունները:
Կարելի է ենթադրել, որ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ ու Եվրասիական տնտեսական միության ձեւաչափերը այլեւս ձեռնտու չեն Ռուսաստանին, եւ նա չի կարող զոհաբերել այլ պետությունների հետ հարաբերությունները հանուն ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունների կատարման: Այսինք՝ առկա տնտեսական եւ ռազմական կազմակերպությունները մեծ արժեք չեն ներկայացնում Ռուսաստանի համար:
Պետք չէ հորինել բարդ հիպոթետիկ իրադրություններ, որպեսզի հասկանալ, թե ինչ պայմաններում Ռուսաստանը պատրաստ կլինի զոհաբերել դաշնակիցների եւ գործընկերների շահերը: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ դաշնակիցներն էլ չեն առանձնանում Ռուսաստանի հանդեպ նվիրվածությամբ՝ ներառյալ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը:
Ռուսական քաղաքական գործիչները խոստովանում են, որ այսպես կոչված դաշնակիցների հետ հարաբերություններն այնքան էլ արժեքավոր չեն եւ բավական կասկածելի են, եւ Ռուսաստանն «իրավունք ունի» այլ պետությունների եւ գործընկերների հետ հարաբերություններ հաստատել, թեկուզ դա կհակասի ներկայիս դաշնակիցների շահերին: Ընդ որում, այդ կերպ են մտածում ինչպես հայրենասիրական, այնպես էլ ատլանտիկ մտածելակերպի տեր քաղաքական գործիչները:
