Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ ԵՄ փլուզումն իրական սցենար է դարձել: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ գերմանացի Մարտին Շուլցը: Հանդես գալով գործընկերների առաջ՝ Շուլցը նրանց ուշադրությունն է բեւեռել այն փաստի վրա, որ ԵՄ անդամ-պետությունների առաջնորդները դժգոհ են որոշումների ընդունման կոմունիտար մեթոդից եւ հանդես են գալիս դրանց «վերազգայնացման» օգտին:
Շուլցն անհանգստություն է հայտնել Շենգենի գոտում սահմանային վերահսկողությունը վերականգնելու Ֆրանսիայի եւ Գերմանիայի կոչերի եւ ԵՄ պետություններում քսենոֆոբիայի աճի կապակցությամբ:
Ֆինանսիստ Ջորջ Սորոսը եւս կանխատեսել է եվրոյի եւ ընդհանրապես Եվրամիության մոտալուտ ավարտը: Ֆրանսիական «Ֆիգարոյին» տված հարցազրույցում եվրոգոտու ճգնաժամը նա համեմատել է Խորհրդային Միության անկման հետ: Սորոսի կարծիքով, քաղաքական առաջնորդներն այսօր այնպիսի ֆինանսական քաղաքականություն են վարում, որը կարող է աղետով ավարտվել:
Եվրամիության մոտալուտ անկման մասին կանխատեսումները դեռեւս ֆանտաստների երեւակայություն են թվում, սակայն Եվրոպայում ԵՄ անկումը վաղուց անհավանական սցենար չի համարվում: Ավելին, կարծիքներ են հնչում դրա օգտակարության վերաբերյալ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատերն այլ ճանապարհ չեն տեսնում, քան փլուզումը եւ ցնցումը:
Ընդ որում, Եվրոպայում շոկային թերապիայով ցանկանում են երկու հիմնական հարց լուծել՝ ճզմել եվրոյի տնտեսական փուչիկը եւ վերադառնալ սեփական արժույթներին մեկ բանկից կախված չլինելու համար, ինչպես նաեւ լուծել ոչ եվրոպացիների անցանկալի ներգաղթի եւ ճնշիչ ազդեցության հարցը: Սոցիալական գաղափարները եւ ուլտրաաջ տրամադրությունները զարմանալիորեն համատեղվում են Եվրոպայում:
Այդ համատեքստում շատերը սպասում են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքներին: Եթե Ֆրանսուա Օլանդին հաջողվի գրավել Մարին Լը Պենի ձայները, հնարավոր է, կդառնա ձախերի եւ ուլտրաաջերի միավորման մարմնավորումը, ովքեր ցանկանում են ընդհանուր հարցեր լուծել՝ սոցիալականացնել տնտեսությունը եւ մաքրել Եվրոպան անօրինակատար ներգաղթյալների հոսքից:
Այդ գաղափարները մոտ են եվրոպական ժողովուրդներին եւ, ըստ ամենայնի, հենց դրանով է պայմանավորված այն, որ Եվրոպայի «ապաազգայնացման» մասին սկսել են ավելի հաճախ խոսել: Առանձին պետություններում հեշտ է ֆինանսական միջոցներն ուղղել գործազրկության կրճատմանը եւ սոցիալական ծրագրերին, հեշտ է նաեւ միգրացիոն քվոտաներ սահմանել: Սակայն մեծ Եվրամիությունում բավական շատ են փոխադարձ պարտավորությունները:
Այդ առումով, Ֆրանսիայի ընտրությունները կարող են վճռական դառնալ Եվրոպայի համար: Նույնիսկ եթե հաղթի Նիկոլա Սարկոզին, նրա հաղթանակը կարող է միայն պայմանավորվել այդ երկու խնդիրների համատեղմամբ, եւ նա ստիպված է կլինի կատարել դրանք:
