Պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն Իրանի համար միջազգային միջնոդների վեցյակի հետ բանակցություններն են, որոնք տեղի կունենան ապրիլ ամսին: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը խնդրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին իրանական կողմին փոխանցել այդ հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Կոմերսանտը:
Քլինտոնի եւ Լավրովի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել մարտի 12-ին Նյու Յորքում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից հետո: Ռուսական կողմը, այդուհանդերձ, ապրիլյան հանդիպումը չի համարում Իրանի վերջին հնարավորությունը, նշել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Դեռեւս հայտնի չէ, սակայն, թե Իրանի եւ վեցյակի միջեւ բանակցությունները որտեղ են անցնելու: Հանդիպմանը քննարկվելու է նաեւ ԱԷՄԳ տեսուչների Փարչինի ռազմաբազա այցելելու հնարավորությունը: Ենթադրվում է, որ Փարչինում են անցկացվում միջուկային զենքի ստեղծման փորձարկումները:
Հիշեցնենք, որ միջնորդական վեցյակի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ Ռուսաստանը:
