Ալիեւը համաձայնե՞լ է ստատուս-քվոյին

    • Քաղաքականություն - 23 Հունվարի 2012, 18:31

Սոչիում տեղի ունեցած հայ-ռուս-ադրբեջանական հերթական եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փաստացի ստանդարտ մի հայտարարություն է, որպիսին թերեւս եղել է բազմաթիվ անգամներ: Բայց, այդ հայտարարության մեջ կա թերեւս մի ուշագրավ դրվագ, որը ընդգծելը թերեւս չէր լինի ավելորդ:

«Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը», ասված է հայտարարության մեջ:

Ինչն է այստեղ ուշագրավ եւ ընդգծելու արժանի: Թերեւս այն, որ պարբերության մեջ որպես վերջնական նպատակ խոսվում է տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատման մասին: Բնականաբար կարող է հարց առաջանալ, թե ինչ կա այդտեղ արտասովոր: Արտասովոր ոչինչ իհարկե չկա: Կա ուշագրավ ինչ որ բան: Դա այն է, որ չի ասվում «ընդհուպ մինչեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդարացի հանգուցալուծումը», կամ «հակամարտության արդարացի կարգավորումը»: Ասվում է մինչեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերջնական հաստատումը:

Այդպիսով, հայտարարության մեջ խաղաղությունն ու կայունությունը կարծես թե չի կապվում, գոնե այդ տեքստի շրջանակում, այսպես ասած խնդրի լուծման կամ խնդրի արդարացի լուծման հետ:

Դա թերեւս կարող է հիմք տալ ենթադրելու, որ միջնորդները թե իրենք են գալիս այն համոզման, որ խաղաղությունն ու կայունությունը իսկապես որեւէ կապ չունի եւ որեւէ կերպ պայմանավորված չէ Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծմամբ, առավել եւս լուծման այն տարբերակներով, որոնք ներկայում առաջարկվում են կամ քննարկվում, եւ թե այդ մտքին են հանգեցնում նաեւ Ադրբեջանին, որն առնվազն այդ հայտարարության այդ պարբերությամբ ընդունում է դրա ռացիոնալությունը:

Այսինքն, Ադրբեջանը հայտարարության այդ համատեքստով ընդունում է ներկայիս ստատուս-քվոն, իսկ վերջին պարբերությամբ էլ թերեւս համաձայնում, որ անհրաժեշտ է քայլեր կատարել ոչ թե այն փոխելու, այլ կողմերին, բնականաբար առաջին հերթին Ադրբեջանի հասարակությանը, դրա հետ հաշտեցնելու ուղղությամբ. «Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը»:

Դա իհարկե կարեւոր ասպեկտ է, քանի որ Ադրբեջանի հասարակությունն իսկապես պետք է համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի մտքին: Այդ իմաստով, ադրբեջանական հասարակություն եւ ստատուս-քվո երկխոսությունը իսկապես առաջնային նպատակ եւ էական հանգամանք է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերջնական հաստատման համար:

Այդ իմաստով, Սոչիի եռակողմ հանդիպումը կարել է համարել դրական, քանի որ դրանից հետո արված հայտարարության մեջ նշմարվում են Ադրբեջանի իրատեսականության դրվագներ: Պետք է զարգացնել դրանք, պետք է խրախուսել Ալիեւի այդ դիրքորոշումն ու մոտեցումները, որոնք իսկապես համարձակություն եւ կամք են պահանջում: Եվ իսկապես խրախուսելի է, որ Ադրբեջանում հաստատված խանական համակարգի շնորհիվ Իլհամ Ալիեւն ունի այդ երկրում ցմահ պաշտոնավարելու հնարավորություն: Բանն այն է, որ Ադրբեջանի հասարակությանն առկա իրողությունների հետ հաշտեցնելու գործում Ալիեւին թերեւս շատ ժամանակ կպահանջվի, քանի որ դա հեշտ գործ չէ իհարկե, առավել եւս, որ նա դրան զուգահեռ դեռ երկար ժամանակ հարկադրված կլինի իր համար որոշակի երաշխիքներ ստեղծել ռազմատենչ ռիտորիկայի միջոցով:

Պարզապես այդ ընթացքում պետք է զգոն լինել սահմանի վրա, պետք է բարձրացնել հայկական զինուժի կարգապահությունը՝ հատկապես դիրքերում, մարտական պատրաստվածության մակարդակը եւ նաեւ անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի հայ զինվորներն Ալիեւի ներքին երաշխիքների ստեղծման գործընթացի զոհ չդառնան, մինչեւ որ նա կկարողանա Ադրբեջանին համակերպել առկա իրավիճակը ընդունելու մտքին: