Թուրքիային մղում են պատերազմի

  • Քաղաքականություն - 27 Օգոստոսի 2011, 10:17

Թուրքիան հայտարարել է, որ հայ-թուրքական Ցյուրիխյան համաձայնությունները հանել է օրակարգից: Փաստացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց այլեւս գոյություն չունի: Քաղաքագետ Իգոր Մուրադյանին խնդրեցինք մեկնաբանել Թուրքիայի այդ որոշումը, եւ այն, թե ինչու դա տեղի ունեցավ հիմա:

- Ես բազմիցս գրել եմ եւ ելույթներ ունեցել, որ հայ-թուրքական հարաբերությունների “կարգավորման” գործընթացը կապված է ոչ թե այդ նպատակին հասնելուն, որպես այդպիսին, այլ Թուրքիայի էքսպանսիան զսպելու, առաջին հերթին տարածաշրջանի ուղղություններով, ԱՄՆ ռազմավարության հետ:

Հայկական հարցը մինչեւ Թուրքիայի ու Հայաստանի տվյալ շփումները գտնվում էր ոչ այնքան դինամիկ վիճակում, եւ անհրաժեշտ էր հայկական գործոնին տալ այլ հնչեղություն եւ նշանակություն: Դա հաջողությամբ իրականացվեց, եւ Հայաստանը, ինչպես նաեւ հայկական խնդիրների ողջ համալիրն առավել նշանակալի տեղ գրավեցին Թուրքիային զսպելու ԱՄՆ մասշտաբային քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է, միաժամանակ, այդ երկրի հետ թե համագործակցություն, թե շրջափակում:

Միանգամից ասեմ, որ ես բավական դրական եմ վերաբերում ԱՄՆ այդ ռազմավարությանը, եւ թեեւ այն հղի է տարածաշրջանում լարվածության ուժեղացմամբ, այդ թվում մեծացնում է Հայաստանի համար սպառնալիքներն ու ռիսկերը, սակայն դա առայժմ Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության կարեւորագույն պայմանն է:

Թուրք-հայկական հարաբերությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ ինչ որ անջատ բան չէ, այլ սերտ կապված է, ավելի ճիշտ, համադրվում է տարածաշրջանի ամբողջ շարք խնդիրների հետ, որոնք ԱՄՆ-ը հաջողությամբ դասավորել է նույն` Թուրքիային զսպելու քաղաքականության մասով: Որ ուղղությամբ էլ Թուրքիան փորձի իրականացնել իր էքսպանսիան, առաջանում են լուրջ խնդիրներ, որոնք կոչված են Թուրքիային ներքաշել մեծ ու փոքր ռազմաքաղաքական հակամարտությունների մեջ:

Անհերքելի փաստ է թվում այն, որ արաբական երկրներում հեղափոխությունների շարքի արդյունքում ուժեղացել է Թուրքիայի ոչ միայն պարզապես շրջափակումը, այլեւ մեկուսացումը Մերձավոր Արեւելքում, որտեղ Անկարան իր գլխավոր խաղադրույքը կատարում է նեոօսմանիզմի վրա: Թուրքիայի փորձերը` ինտեգրվել քրդական քաղաքական տարածությանը, այդ թվում Իրաքի Քրդստանի, հանգեցրին քրդերի հետ ծավալվող պատերազմի: Մենք հնարավորություն ունեցանք տեսնել թուրք-իրանական հարաբերությունների ցնցումներ, թուրքական էքսպանսիայի ճանապարհին ավելի ուժեղ շիա գոտու ստեղծում` Սիրիայի ու Իրանի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում, եւ շուտով էլ` Իրաքի:

Թուրքիան բավական արագ հասկացավ, որ չի կարող ԱՄՆ-ից ու Եվրոպայից հասնել հայկական ուղղությամբ իր գլխավոր նպատակին, այսինքն` Հայկական հարցի վերջնական չեզոքացմանը, որը շարունակում է Թուրքիայի հանդեպ Արեւմտյան հանրության քաղաքականության մեջ մնալ որպես կարեւոր լծակ:

Թուրքիային պետք չէ Հայաստանի հետ հարաբերության կարգավորում, եթե հայկական հարցը պահպանում է իր տեղը միջազգային քաղաքականության մեջ: Բացի այդ, պետք է նկատի առնել, որ Թուրքիան երկար ժամանակով “խրվել է” Մերձավոր Արեւելքում, որտեղ նրան փորձում են ներքաշել տարածաշրջանի մասշտաբով մեծ պատերազմի կամ զինված հակամարտության մեջ, ինչն էլ տեղի է ունենում, այդ պատճառով էլ Թուրքիան հնարավորություն չունի ակտիվացնել իր քաղաքականությունը ոչ Հարավային Կովկասում, ոչ էլ Բալկաններում, առավել եւս` Կենտրոնական Ասիայում, որի մասին արդեն հասցրել է մոռանալ:

Միաժամանակ, նաեւ սպասելի է լուրջ տնտեսական ճգնաժամ Թուրքիայում, որից նա սկսել է զգուշանալ: Այսպես թե այնպես, Թուրքիան արդեն մասնակի, ավելի շուտ ցուցադրական “վերադարձել է” ԱՄՆ վերահսկողության տակ, թեեւ երեւում է հույս ունի շարունակել իր արտաքին քաղաքականությունը:

Այս պայմաններում, Անկարան չի կարող թույլ տալ, որ Հայաստանի հանդեպ, ավելի ճիշտ Հայկական հարցի հանդեպ իր քաղաքականությունը կասկածի ենթարկվի: Այս հարցում ամեն ինչ պետք է լինի լիովին որոշակի եւ կասկած չառաջացնի, քանի որ Հայկական հարցը, որով արտաքին կողմերը, նույնիսկ գործընկերները, կարող են մանիպուլյացիա անել, ոչ միայն պարզապես արտաքին քաղաքականության, այլեւ Թուրքիայի տարածքային ամբողջականության հարց է, ասել է Իգոր Մուրադյանը:

Ամենաընթերցվածը