Թուրքիայի մեկուսացումը խորանում է

  • Քաղաքականություն - 24 Օգոստոսի 2011, 19:34

Արդյոք Սիրիայում իրքավիճակը մոտ է հանգուցալուծմանը և ինչ ազդեցություն կարող է դա ունենալ Մերձավոր Արևելքի ու մեր տարածաշրջանի վրա: Այս հարցով դիմեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:

Նախևառաջ Սիրիայում սկսված բողոքի ակցիաների ողջ ընթացքում ոչ մի իրական նշան չի եղել, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցույց տային, որ ցանկանում են իշխանությունից հեռացնել ալավիական կլանին: Ընդհակառակը, Բաշար Ասադին ու նրա շրջապատին դիրքերն ամրապնդելու հնարավորություն է տրվել: ԱՄՆ, գրեթե ոչինչ չանելով, իր համար բարենպաստ իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն հավանություն է տվել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գործողությունների համակարգմանը, որոնք քիչ ջանքեր չեն գործադրել ալավիական կլանը հեռացնելու համար, սակայն միայն այն պատճառով, որ Սիրիայի վրա ուժեղ ճնշում գործադրվի:

Գործնականում տեղի է ունեցել այն, ինչին ավելի վաղ ձգտում էին Սաուդյան Արաբիան, մի շարք արաբական պետություններ, այդ թվում Եգիպտոսը և ԱՄՆ-ն, այն է՝ Թուրքիայի մերձավորարևելյան էքսպանսիայի դեմ հուսալի պատ է ստեղծվել, որը դարձավ Սիրիան: Վերջին 7-8 տարիներին Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում էին, որը չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին ու արաբական պետություններին: Այդ հարաբերություններն այժմ քանդված են և ամենայն հավանականությամբ՝ շատ երկար ժամանակով: Սիրիական էլիտան զգաց, թե ինչ է նշանակում Թուրքիայի գթասրտությունն ու մտադրությունները: Թուրքիան քանի դեռ չի անցել “շիա գոտու” վրայով, հնարավորություն չի ունենա ամրապնդվել տարածաշրջանում: Միաժամանակ, անվստահության ու թշնամանքի անդունդ է առաջացել նաև Իրանի ու Թուրքիայի միջև:

Այժմ դժվար է գնահատել արաբական մյուս պետություններում հեղափոխությունների հետևանքը Թուրքիայի հեռանկարների համար, սակայն Եգիպտոսում ու Սիրիայում տեղի ունեցածը կհանգեցնի տարածաշրջանում Թուրքիայի մեկուսացմանը: Իհարկե, հենց Մերձավոր Արևելքում է դրված ԱՄՆ և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր խաղադրույքները, սակայն կարևոր է նաև Սև ծով-Կովկաս ուղղությունը: Թուրքիան վերջին մի քանի ամիսներին զգացել է, որ առանց ԱՄՆ աջակցության ու մասնակցության ունակ չէ իրականացնել իր աշխարհաքաղաքական ծրագրերը և ԱՄՆ հետ սեփական դիրքորոշումը համաձայնեցնելու որոշում է ընդունել: Կասկած չկա, որ Թուրքիան չի հրաժարվի տարածաշրջանային էքսպանսիոն քաղաքականությունից, սակայն կփորձի իր շահերը համադրել ԱՄՆ շահերի հետ: Թուրքիան “ատամները կրճտացնելով է” ընդունել ԱՄՆ առաջարկը` Սև ծովում նրա ներկայությունն ուժեղացնելու վերաբերյալ, սակայն համոզվել է, որ զսպվածությունից ոչինչ չի շահել: ԱՄՆ-ն մեկ անգամ էլ ցույց տվեց, որ մտադիր է իրականացնել իր նպատակները Սև ծովում այլ գործընկերների հետ, սակայն առանց Թուրքիայի անմիջական մասնակցության:

Սեւծովյան ավազանի ծրագրերից Թուրքիային դուրս մղելն էլ ԱՄՆ քաղաքականության ու “Երրորդ ուժի” կազմավորման քաղաքականության իմաստն է: ԱՄՆ այս մտադրություններն ու գործողություններն էլ բերեցին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության, քանի որ Անկարան զգաց, որ ավելի լավ է ԱՄՆ քաղաքականությանը համակերպվել, քան առճակատման մեջ մտնել: Այս ամենը պետք է իմաստավորեն այն պետություններն ու կառավարությունները, որոնք դեռևս անտեսում են աշխարհաքաղաքական իրականությունը և քաղաքական վերլուծությունը որպես այդպիսին:

Օգտվելով առիթից, կցանկանայի ասել հետևյալը: Հայաստանը, գտնվելով բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, պետք է մեծ հետաքրքրությամբ մոտենա Նուո-Հաուին և աջակցի նորագույն մշակումներով զբաղվող ոչ մեծ խմբերին: Հայաստանում մի խումբ էնտուզիաստ կենսաբանների ու ֆիզիկոսների խումբ ստեղծել է մի նյութ, որն ունակ է մեծ արագությամբ տարածել իր ազդեցությունը նավթամուղերի պարունակության վրա: Ընդ որում, անկախ դինամիկայից, նրանցում պարունակվող նավթը շատ կարճ ժամանակում ամուր նյութի է վերածվում: Դրա համար բավական է խողովակի վրա մի փոքր անցք բացել: Նավթահորերի, տերմինալների և պոմպային կայանների ոչնչացման համար Հայաստանի զինված ուժերի հնարավորությունները բավարար չեն: Անհրաժեշտ է ապահովել էներգակոմունիկացիների գծային ոչնչացում, որն անհնար կլինի վերականգնել: Ներկայում գազատարներ ոչնչացնելու ծրագրեր են մշակվում, որն ավելի մեծ աջակցության կարիք ունի: Հայաստանի իշխանության ներկայիս բարեհոգի վերաբերմունքը, որը հույսը դրել է հարվածելու սովորական միջոցներին, հանցավոր է, ասել է Իգոր Մուրադյանը:

Ամենաընթերցվածը