Ադրբեջանը կընդունի՞ Ղարաբաղի հանրաքվեն

  • Քաղաքականություն - Հինգշաբթի, 16 Հունիսի 2011, 17:12
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽ լսումների ժամանակ հունիսի 15-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն և Բեռնար Ֆասիեն հույս են հայտնել Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման կապակցությամբ և ասել, որ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայագրի ստորագրությունը հնարավոր է:
 
ԵԽ պատգամավոր Իոաննիս Կասուլիդեսը ասում է, թե ինքը հարցրել է համանախագահներին` արդյոք իրենք որևէ ազդակ նկատել են Ադրբեջանի կողմից, որ վերջինս կընդունի Մադրիդյան սկզբունքները, ներառյալ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը օրինական կամարտահայտման միջոցով, “սակայն, դժբախտաբար նրանք չեն պատասխանել, քանի որ դա երևի չափազանց գաղտնի տեղեկություն է Կազանում տեղի ունենալիք հանդիպումից առաջ”, ասել է  Կասուլիդեսը:
 
Համանախագահները նշել են, որ հիմնարար սկզբունքների տարբերակը, որը պետք է ներկայացվի Կազանում, հարմար է երկու կողմերին, սակայն այն ընդունելու համար քաղաքական կամք է հարկավոր լինելու:
 
Համանախագահները նշել են, որ հակամարտության հանգուցալուծման ուժային տարբերակը չի համապատասխանում միջազգային իրավունքին: Սա կարծես պատասխան է Ադրբեջանի վերջերս ակտիվացած սպառնալիքներին:
 
Անցած ամիսների ընթացքում բազմաթիվ ուղղակի պատերազմի սպառնալիքներ են եղել Ադրբեջանի նախագահի և կառավարության անդամների կողմից: Դրանցից վերջինն էր Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունը.  “Եթե Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հույսերը զրոյանան, Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ազատագրել իր հողերը ռազմական ճանապարհով”, ասել էր Ասկերովը, պնդելով, որ միջազգային իրավունքը դա թույլ է տալիս: Այս մասին ասվում է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության հաղորդագրության մեջ: