Ղարաբաղյան թեման BBC-ի եթերում

  • Քաղաքականություն - 09 Մայիսի 2011, 11:42
Հանգստյան օրերին Բրիտանական BBC հեռուստաընկերության Reporters hաղորդաշարի վերջին թողարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղին: Այն եթեր է հեռարձակվել մի քանի անգամ:
 
BBC-ի թղթակից Օլեգ Բոլդիրեւը այցելել էր Ստեփանակերտ, Շուշի, նորակառույց օդանավակայանի տարածք, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին հարող շրջաններ:
 
BBC World hեռուստատեսությամբ հեռարձակված մոտ 6 րոպեանոց ռեպորտաժի գլխավոր հերոսը Ղարաբաղյան պատերազմի վետերան Ալեքսանդր Սարգսյանն է: Ղարաբաղցի այս վետերանի տեսանկյունից է ներկայացվել ռեպորտաժում տեղ գտած Խոջալուի ողբերգությունը.
 
«Ալեքսանդրը կռվել է հենց այս բլուրների վրա: Նա ասում է, որ քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական կողմից արձակված կրակի արդյունքում, յուրայինների կրակից»:
 
Բրիտանական հեռուստաընկերության նկարահանող խումբը Ստեփանակերտում այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողով` զրուցելով խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ:
 
«Ադրբեջանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ չի կարող որեւէ հավակնություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Կենտրոնական Եվրոպայի, մի շարք այլ տարածաշրջանների նմանատիպ հակամարտությունների օրինակը վկայում է, որ միակ ելքը անկախության պահանջով հանդես եկողներին այդ անկախությունը շնորհելն է: Եվ դա ի վերջո լինելու է», - նշում է Ղուլյանը BBC-ին տված հարցազրույցում:
 
«Պատմությունը փորփրելը որեւէ լավ բանի չի հանգեցնի: Մի օր, ի վերջո, մենք ադրբեջանցիների հետ լավ հարեւաններ կդառնանք», - նշում է BBC-ի ռեպորտաժի գլխավոր հերոսը` պատերազմի վետերան Ալեքսանդր Սարգսյանը:
 
«Ալեքսանդրը, սակայն, համոզված է, որ այս հողը միշտ հայկական է մնալու», - նկատում է բրիտանական հեռուստատեսության լրագրողը:
 
«Սա աշխարհի ամենաամուր պաշտպանված սահմանագծերից մեկն է` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անցնող «շփման գիծը»: Չնայած այս անվանմանը, սակայն, այստեղ որեւէ շփում չկա: Երկու տասնամյակի վաղեմություն ունեցող ողբերգությունները շարունակում են արգելափակել դեպի խաղաղություն տանող ճանապարհը», - այսպես է ամփոփում Լեռնային Ղարաբաղում պատրաստած իր ռեպորտաժը BBC-ի թղթակիցը:

Ամենաընթերցվածը