Խաղի կանոններն արդեն փոխվել են

    • Քաղաքականություն - 16 Մայիսի 2018, 20:23
Հայաստանը կոտրել է Բաքվի, Անկարայի և Մոսկվայի հետ հարաբերությունների հին մատրիցան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով արտաքին գործերի նոր նախարար Զոհրաբ Մնացականյանին, ընդգծել է, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն աննախադեպ բարձր է եւ այն պետք է վերածվի ձեռքբերումների միջազգային քաղաքականությունում:

Դա իրոք այդպես է, եւ դրա վկայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աննախադեպ շնորհավորանքն է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առթիվ: Թրամփը ոչ Սերժ Սարգսյանին է շնորհավորել ապրիլի 17-ին ընտրվելու, ոչ էլ Իլհամ Ալիեւին ապրիլի 11-ին ընտրվելու կապակցությամբ: Ալիեւին ուղղված նամակում խոսում է միայն համատեղ աշխատելու պատրաստակամության մասին՝ շնորհավորական խոսք չհնչեցնելով:

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կապիտալիզացնելու Հայաաստանի այդքան բարձր վարկանիշը: Ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով միջազգային քաղաքականությունում Հայաստանի վարկանիշի տրանսֆորմացիայի մասին:

Նիկոլ Փաշինյանի առաջին արտաքին քաղաքական հայտարարությունները նյարդային արձագանք են առաջացրել: Բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարությունը նախագահական եռանկյունում «փոթորիկ է առաջացրել»: Հայաստանի երեք նախագահներն սկսեցին վիճել, թե ով է մեղավոր Արցախը բանակցություններից դուրս թողնելու մեջ:

Ադրբեջանն էլ կտրուկ ակտիվացել է: Սկզբում Ալիեւը կրկնում էր հին մանտրան այն մասին, որ «թույլ չի տա հայկական երկրորդ պետության ստեղծումը», հետո արտգործնախարար Մամեդյարովին շտապ գործուղեց Փարիզ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման: Մամեդյարովը Փարիզում հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է «առարկայական բանակցությունների» վերսկսմանը: Համանախագահները պատասխանել են, որ Հայաստանի հետ կխոսեն հունիսին:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, անսպասելի արձագանք է առաջացրել Անկարայում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան դեմ չէ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, եթե Երեւանը կասկածի տակ չդնի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Դա նշանակում է, որ Թուրքիայի սահմանների չճանաչման քաղաքականությունը եւ Թուրքիայի հայերի սեփականության իրավունքի վերականգնման հեռանկարն ավելի մեծ խնդիր են Անկարայի համար, քան արցախյան հարցը: Ի դեպ, Յըլդըրըմը չի հիշատակել արցախյան նախապայմանը:

Բաքվում եւ Անկարայում հասկանում են, որ Հայաստանը կոտրել է հարաբերությունների հին մատրիցան, հիմա ամեն ինչ ավելի կոշտ ու բաց է լինելու, եւ նախկին հնարավոր ստվերային պայմանավորվածությունները կորցրել են ուժը: Ժողովրդական հեղափոխությունը Հայաստանում իշխանության է բերել մի ուժի, որը կոտրել է հին մատրիցան ինչպես երկրում, այնպես էլ տարածաշրջանային հարաբերություններում:

Սոչիում հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փոխվելու, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, անկեղծ էր, որովհետեւ Հայաստանում ու Ռուսաստանում հասկանում են, որ ֆորմալ հարաբերությունները կարող են պահպանվել եւ անգամ զարգանալ, սակայն միջազգային ու տարածաշրջանային հարաբերությունների կառուցվածքը, խաղի կանոններն արդեն փոխվել են:

Թուրքիան Հայաստանին առաջարկում է ճանաչել իր սահմանները, իսկ Ադրբեջանը համառորեն կոչ է անում վերադառնալ առարկայական բանակցություններին: Պուտինն էլ մեկ օրվա մեջ երկու անգամ շնորհավորում է Հայաստանի հեղափոխական վարչապետին ընտրվելու առթիվ:

Ամենաընթերցվածը