ԵՄ արժեքներից նահանջելու դեպքում համաձայնագիրը հնարավոր է կասեցվի

  • Քաղաքականություն - 16 Մայիսի 2018, 18:07
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի պատգամավորները կողմ են քվեարկել Հայաստանի հետ ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի կայքից:

Կողմ է քվեարկել 55, դեմ 2 պատգամավոր, 7-ը ձեռնպահ են եղել:

Եվրախորհրդարանի պատգամավորները Հայաստանին կոչ են արել էական առաջընթաց գրանցել լրատվամիջոցների ազատության, արդարադատության համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման, հարկերից խուսափելու, օլիգարխիկ վերահսկողության դեմ ոլորտներում: Նրանք հիշեցնում են, որ ԵՄ արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի և մարդու իրավունքների գերակայությունից նահանջելու դեպքում համաձայնագիրը հնարավոր է կասեցվի:

Պատգամավորները նաև ողջունել են Հայաստանի քաղաքացիներին իշխանության խաղաղ փոխանցման առթիվ, ինչպես նաև իրավապահ մարմինների զսպվածությունը, շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Պատգամավորներն ափսոսում են, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը չի կարող վերացնել մաքսային խոչընդոտները Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պատճառով: Նրանք, սակայն, շեշտում են, որ դա չի խանգարում, որ ԵՄ-ն լինի Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն ու դոնորը՝ դրանով իսկ ցույց տալով, որ ԵՄ-ն չի պարտադրում ընտրել իր հետ հարաբերությունների խորացումը երրորդ կողմերի հետ հարաբերությունների հաշվին:

Պատգամավորները նաև հորդորում են Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել բանակցությունները և վերջ դնել հակամարտությանը, որը ռազմական լուծում չի կարող ունենալ: Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմներին:

Ամենաընթերցվածը