ԵՄ-ի ղեկավարները Սոֆիայում կքննարկեն Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքները

  • Քաղաքականություն - 16 Մայիսի 2018, 12:08

Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մայիսի 16-ին ԵՄ-ի խորհրդում նախագահող Բուլղարիայի մայրաքաղաքում կքննարկեն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը, որից դուրս գալու մասին ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հանրակցության ղեկավարներն այդ խնդրին կնվիրեն աշխատանքային ընթրիքը, որից հետո հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, կկայանա ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովը:

«Ինչ վերաբերում է միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը, ապա ես կխնդրեմ երեք ղեկավարներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որոնք ստորագրել են համաձայնագիրը, ներկայացնել իրադրության իրենց գնահատականը ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Սոֆիայում գագաթնաժողովի նախաշեմին ԵՄ-ի ղեկավարներին հղած նամակում:

Նրա խոսքով՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք է հավաստեն հանձնառությունը իրանական համաձայնագրին: «Ես կցանկանայի, որ մեր քննարկումը առանց որեւէ կասկածի հավաստի, որ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում է գործարքի պայմանները, ԵՄ-ն նույնպես կկատարի դրանք»,-ընդգծել է նա: Բացի այդ, ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մի աղբյուր, հանրակցության ղեկավարները մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո միության տնտեսական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: «Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կներկայացնեն այն բանի զանազան տարբերակները, թե ինչպես կարելի է պաշտպանել ԵՄ-ի տնտեսական շահերն ու ներդրումները միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը