Ինչու Իսրայելը հաղթեց, իսկ Հայաստանը դուրս մնաց

  • Քաղաքականություն - 14 Մայիսի 2018, 21:21
Եվրատեսիլում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչը, ում կատարումն իսկապես ինքնատիպ էր: Հայաստանի ներկայացուցիչը դուրս մնաց կիսաեզրափակիչից:

Երգի այս մրցույթի շուրջ սովորաբար տարբեր մեկնություններ են լինում, «դավադրականից» մինչեւ «քաղաքական»: Օրինակ, սերբական, ուկրաինական հեղափոխությունների շրջանում հաղթեցին այդ երկրների ներկայացուցիչները, իսկ Վրաստանի ներկայացուցիչը հաղթեց մանկական Եվրատեսիլում: Այդպես է, թե ոչ, այնուամենայնիվ հետաքրքիր զուգադիպությունները կան:

Այս տարի մրցույթի ժամանակաշրջանում երկու իրադարձություն եղավ՝ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք ու դեսպանատուն բացեց, իսկ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը:

Իսրայելը կարեւոր դերակատարում ունի Մերձավոր Արեւելքի ներկայիս իրադարձություններում, մասնավորապես իրանական ուղղությամբ, այդ թվում Իրանի հնարավոր «վերաֆորմատավորման» գործընթացում: Հայաստանը նման դերակատարում առայժմ չունի, իսկ թավշյա հեղափոխության առաջնորդները բացառեցին աշխարհքաղաքական որեւէ ուղղվածությունը եւ արտաքին քաղաքականության փոփոխությունը:

ԱՄՆ-ն դեսպանատուն է բացել Երուսաղեմում, որի կապակցությամբ այս օրերին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների հետ, կան տասնյակ զոհեր: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն արդեն հայտարարել է, որ հաջորդ Եվրատեսիլը տեղի է ունենալու Երուսաղեմում, եւ բոլոր երկրներին կոչ է արել դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ: Դա Երուսաղեմի «միջազգային ճանաչումն» է որպես Իսրայելի մայրաքաղաք:

Իսրայելը դրել է իր իրավունքների հարցը եւ լուծում է իր խնդիրները: Հայաստանում այս օրերին քննարկում են, թե Արցախը պե՞տք է մասնակցի բանակցությանը, թե ոչ, Թուրքիայի հետ կստացվի՞ առանց նախապայմանի հարաբերությունների հաստատում, թե ոչ:

Թրամփն ասել է, որ Երուսաղեմի պարագայում հաշվի են առնում իրողությունները: Թրամփը կարո՞ղ է նույնը կրկնել Արցախի հարցում, եթե հայերն իրենք հաշվի չեն առնում իրողությունները, օրինակ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:

 

Ամենաընթերցվածը