Սերժ Սարգսյանն ասել է, ինչ արեց Բաքուն ռուսական զենքը

  • Քաղաքականություն - 16 Ապրիլի 2018, 12:25
Իզվեստիա ռուսական պարբերականին տված հետնախագահական եւ նախավարչապետական հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին: Նա ասել է, որ 2016 թվականի ապրիլին տապալվելով բանակցությանը, Ադրբեջանը ուխտադրուժ կերպով խախտելով իր պայմանագրային պարտավորությունը, սկսեց լայնամասշտաբ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ, կիրառելով ավիացիա, մեծ քանակի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր, կրակային համակարգեր: «Ի դեպ, դրանց մեծ մասը ձեռք էր բերել Ռուսաստանից», հիշեցրել է Սերժ Սարգսյանը:

«Բայց նրանց չհաջողվեց լուծել քիչ թե շատ լուրջ որեւէ խնդիր եւ արդեն հինգերորդ օրը, Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպեցին եւ պայմանավորվեցին հրադադարի մասին: Դրանից հետո տեղի ունեցավ մի քանի վեհաժողով, որտեղ պայմանավորվեցինք հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնակազմի եւ լիազորությունների ընդլայնման մասին: Բայց ադրբեջանական կողմը վերադառնալով Բաքու, հրաժարվել էր այդ պայմանավորվածությունների կատարումից, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա հայտարարել է, որ 2007 թվականից առաջարկված երեք սկզբունքները՝ ուժի եւ սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում, ինչպես նաեւ տարածքային ամբողջություն, Հայաստանի կարծիքով փոխզիջումների բալանսավորված հավաքածու է:

«Դա այն չէ, ինչ մենք երազել ենք, դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Բայց, հասկանալով, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա, մենք համաձայնեցինք բանակցությունների: Եվ թվում էր, 2011 թվականին Կազանում մենք մոտ էինք ստորագրմանը: Բայց Բաքուն առաջ քաշեց լրացուցիչ պահանջներ եւ ստորագրությունը տեղի չունեցավ», հայտարարել է Սարգսյանը:

Սարգսյանը հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունն ունի պատրանք, թե փոխզիջում կլինի միայն Հայաստանից ու Արցախից: Եվ միայն դրա պատճառով չի փոխվում ստատուս-քվոն: «Բայց այստեղ անհրաժեշտ է հանդիպակաց փոխզիջում: Ադրբեջանցիները դեռ հույս ունեն խնդրի ռազմական լուծման մասով: Ինչպես ցույց է տվել 1990-ական թվականների սկզբի եւ 2016 թվականի պրակտիկան, դա անհնարին է: Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, բայց իրավիճակը միեւնույն է չի փոխվի: Միեւնույն է մենք վաղ թե ուշ պետք է գանք այդպիսի համաձայնության: Բայց ինչքան շուտ, այնքան լավ», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Իսկ Ղարաբաղի ապագան դա ազատ կյանքն է: Այո, այն փոքր երկիր է, բայց դա դեռ հիմք չէ ասելու. դուք չունեք ազատ ապրելու իրավունք: Մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներով եւ ապրելու են հետագայում էլ», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա ասել է, որ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը անում են շատ բան, որպեսզի հարցը կարգավորվի: «Նախագահների մակարդակով արվել է 5 հայտարարություն, եւ նրանք բոլորը խոսում են այն մասին, որ հարցը կարող է լուծվել միայն երեք սկզբունքների հիման վրա: Եվ դրանք անբաժանելի են: Եվ դա շատ կարեւոր է», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ամենաընթերցվածը