Սերժ Սարգսյանը հանգստացրել է Ռուսաստանին

  • Քաղաքականություն - 16 Ապրիլի 2018, 11:36
Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են ամրացնել դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին Իզվեստիա ռուսական պարբերականին տվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատրաստվում է դառնալ վարչապետ:

Իրականում մենք արդեն մի քանի օր ապրում ենք խորհրդարանական երկրում եւ վաղը պատգամավորները կընտրեն վարչապետ: Այդպիսով կձեւավորվեն պետական կառավարման բոլոր օրգանները, հայտարարել է Սերժ Սարգսյանը, որի վարչապետության դեմ Երեւանի կենտրոնում ծավալվում է բողոքի գործողություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման մոդելը ավելի է համապատասխանում հայաստանյան իրականությանն ու հայկական մենթալությանը: Նրա խոսքով, դա թույլ կտա ապահովել ավելի արագ ժողովրդավարական եւ տնտեսական զարգացում:

«Արտաքին եւ ներքին քաղաքականությունում փոփոխություններ կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ դա ցանկանա խորհրդարանական մեծամասնությունը: Բացի այդ կարեւոր է, որ արտաքին գործերի նախարարը իր գործունեության մեջ առաջնորդվում է վարչապետի ցուցումներով», ասում է Սերժ Սարգսյանն Իզվեստիային:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունը հիմնված է բարեկամության եւ եղբայրության վրա, որոնք անցել են բազմադարյա փորձություն: Մենք միասին անցել ենք հարյուրամյակներ, եւ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ գլխավորությամբ եւ նրա կոալիցիոն դաշնակից ՀՅԴ հետ, այսուհետեւ էլ շարունակելու են հետեւողականորեն զարգացնել ու ամրացնել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ դա շատ դրական է արտահայտվում Հայաստանի զարգացման վրա: Կարծում եմ անտեղի է խոսել Ռուսաստանի հանդեպ քաղաքականության փոփոխության մասին», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե, իսկ ինչպես կբնորոշի Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նա ծանոթությունների մեծ շրջանակ ունի Ռուսաստանում, Արեւմուտքում, արաբական աշխարհում: Նա կարող է պատվով ներկայացնել մեր երկիրը արտաքին ասպարեզում: Խոսքը արտաքին քաղաքականության մասին չէ, այլ արտաքին կապերի: Դրանք տարբեր բաներ են»:

Սարգսյանին հարցրել են նախագահ Արմեն Սարգսյանի մասին, այն տողատակով, որ Սարգսյանն արեւմտամետ է եւ կարող է այդպիսով նպաստել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության: Սերժ Սարգսյանն այդ իմաստով հանգստացրել է Ռուսաստանին:

«Հայաստանում տեղի չի ունենում իշխանության փոփոխություն: Փոխվում է կառավարման մոդելը: Մինչեւ 2022 թվական թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը պետք է հիմնականում կյանքի կոչի խորհրդարանական կոալիցիան: Ոչ ոք հիմա չի կարող փոխել կուրսը: Իսկ Արմեն Սարգսյանի դեպքում՝ դա անհնարին է, քանի որ նա լավ գիտե Ռուսաստանը, հիանալի տիրապետում է ռուսերենին, ոչ միայն գիտակ է, այլ նաեւ ռուսական մշակույթի, արվեստի գնահատող: Եթե դա նույնիսկ լիներ հնարավոր, ինչի՞ համար», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ամենաընթերցվածը