Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և դաշնակիցների ներխուժումը Սիրիա

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 14:00

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների և դաշնակիցների հրթիռային ներխուժումը Սիրայի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Այս ներխուժումը միջազգային իրավունքի ու նորմերի, ինչպես նաև Սիրիայի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է»,- նշված է կայքում:

Իրանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել քիմիական զենքի կիառումը Սիրիայում և հայտարարել. «ԱՄՆ-ն իրեն որպես «աշխարհի ոստիկան» է երևակայում, և հետագայում ինքը պետք է այս արկածախնդրությունների պատասխանը տա»:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Հրթիռների մեծ մասը ոչնչացվել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:

Սպիտակ տունը հիմնավորել է հարձակվելու որոշումը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Ամենաընթերցվածը