Էրդողանն աշխարհին սպառնացել է «օսմանյան բռնուցքով». Սերժ Սարգսյանը կհասցնի՞

    • Քաղաքականություն - 14 Փետրվարի 2018, 12:18
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ԱՄՆ այցից առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայի դեմ պայքարելու համար:

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի «ԻՊ դեմ պայքարի թատրոնը, որը վերածվել է Թուրքիայի դեմ պայքարի», - հայտարարել է Էրդողանը: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG):

«Մենք Սիրիայի հետ 911 կմ սահման ունենք: ԱՄՆ-ն ի՞նչ կապ ունի Սիրիայի սահմանի հետ: Նրանք արդեն 550 միլիոն դոլար են ծախսել, հիմա էլ ցանկանում են 3 միլիարդի հասցնել: Դուք ասում եք, որ ԻՊ դեմ եք պայքարում, բայց ԻՊ քանի՞ անդամ եք ոչնչացրել: Նրանք, ովքեր պայքարել են ԻՊ դեմ, հիմա պայքարում են Թուրքիայի դեմ: Եկել է ԻՊ դեմ պայքարի թատրոնն ավարտելու ժամանակը, պետք է հանել դիմակները», ասել է Էրդողանը:

«Մեզ ասում են՝ եթե մեզ հարվածեն, մենք կոշտ կպատասխանենք: Նրանք, ովքեր ասում են դա, կյանքում երբեւէ չեն փորձել օսմանյան բռնունցքը», նշել է Թուրքիայի նախագահը:

Բրիտանացի ու ամերիկացի վերլուծաբանները գրում են, որ Թուրքիայի ու ԱՄՆ բախումը գրեթե անխուսափելի է դառնում: Դժվար է ասել, թե ինչ է Թիլերսոնը խոսելու Անկարայում, սակայն Էրդողանի հայտարարությունները վկայում են, որ նա ճակատ ճակատի է գնալու: Նրան պարզապես այլ ելք չեն թողել:

Թուրքիայի վերջին սուլթան Աբդուլ Համիդի թոռը կարծում է, որ Էրդողանի այսպիսի պահվածքը հանգեցնելու է նրա տապալմանը: Մի քանի ամիս առաջ ՆԱՏՕ-ի զորավարժությանը Աթաթյուրքին ու Էրդողանին թշնամի էին «անվանել»՝ զորավարժություններում նրանց պատկերները թիրախ դարձնելով: Չնայած սկանդալը հաջողվել է հարթել, Թուրքիան հասկացել է, որ այլ ճանապարհ չունի, քան պատերազմի մեջ մտնելը: Պատերազմի առիթը եւս կա՝ քրդերը:

«Այժմ քրդերը նույն պահանջներն ունեն, ինչ հայերը 1915 թվականին: Այդ պատճառով, որպես հայ շատ եմ վախենում, որ կարող է տեղի ունենալ 100 տարի առաջ հայ ժողովրդի հետ պատահածը», - հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկից հետո:

Այս իրադարձությունների ֆոնին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում Թուրքիայի հայ համայնքում, մասնավորապես պատրիարքի ընտրության շուրջ: Թուրքիայի կառավարությունը գործադրում է բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա հայ համայնքին ինքնուրույն որոշումներ կայացնել:

Անցած տարի տեղապահ ընտրված եպիսկոպոս Բեքչյանը ստիպված էր հրաժեշտի նամակ գրել ու հեռանալ Թուրքիայից: Իսկ տեղապահի պաշտոնում նորից նշանակվել է թուրքական իշխանությանը հավատարիմ Արամ Աթեշյանը:

Թուրքական մամուլում առանձնապես չեն լուսաբանվում հայկական համայնքում իրադարձությունները, բայցը մեկը մյուսի հետեւից վերլուծական նյութեր են գրվում, որոնց հեղինակները հիշեցնում են ապրիլի 24-ի մասին: Գրում են, որ եթե Թուրքիան ու ԱՄՆ-ն շարունակեն առճակատումը, դա կարող է հագեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու իրավական հետեւանքների:

Տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ, եւ հայտնի չէ՝ «կհասցնի՞» Սերժ Սարգսյանը մինչեւ այս ամսվա վերջ «գրողի ծոցն» ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները:

Ամենաընթերցվածը