Սիրիայում ռուս վարձկանները զոհվել են նավթավերամշակող գործարանի վրա հարձակման ժամանակ

  • Քաղաքականություն - 14 Փետրվարի 2018, 10:35
Փետրվարի 7-ին Սիրիայում ռուս վարձկանները ռմբակոծության են ենթարկվել, երբ հարձակում էին սկսել նավթավերամշակող գործարանի վրա, հայտնում է ռուսական Կոմերսանտը՝ հղում անելով անանուն աղբյուրին: Ըստ թերթի՝ Սիրիայում ռուսական հրամանատարությունը թույլ չէր տվել իրականացնել այդ գործողությունը և դա գնահատել էր որպես «վտանգավոր ինքնագործունեություն»:

Թերթի զրուցակիցն ասել է, որ գործողությունն իրականացվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակվող «խոշոր գործարարների» նախաձեռնությամբ: Գործողությանը մասնակցել է մոտ 600 վարձկան, որոնց մեծամասնությունը ռուսներ էին:

Ամերիկյան կոալիցիայի ռմբակոծության հետևանքով այդ օրը բազմաթիվ ռուս վարձկաններ են զոհվել: Առայժմ հայտնի է միայն 5-ի անունը, սակայն ռուսական և ամերիկյան լրատվամիջոցները տարբեր տվյալներ են հայտնում: Կոմերսանտը հայտնում է 11 զոհի, Նովայա գազետան՝ 13, Բլումբերգը՝ ավելի քան 100, Նյու Յորք Թայմզը՝ մոտ 300 զոհի մասին: Ռուսական սոցցանցերում շրջանառվում է մինչև 600 թիվը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ-ն ոչ մի տեղեկություն չեն հայտնել զոհերի մասին: 

Ամենաընթերցվածը