Բուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ԵՄ աջակցությամբ

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 16:02
Բուլղարիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և Եվրամիության աջակցությամբ: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը` անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` հետևյալ ձևակերպմամբ. «Պարոն Ռադև, ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար աղավաղում են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում` Բուլղարիայի մոտեցումները: Կներկայացնե՞ք Ձեր դիրքորոշումը և արդյոք այն համընկնո՞ւմ է Եվրամիության դիրքորոշման հետ»:

«Բուլղարիան շատ հստակ դիրքորոշում է ունեցել, որ հիմնահարցը կարող  է լուծվել խաղաղ միջոցներով` Մինսկի խմբի միջնորդությամբ` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ, և ԵՄ աջակցությամբ: Շատ կարևոր է երկու երկրների նախագահների ակտիվ երկխոսությունը, որն ավելի քիչ էմոցիաների ու ավելի շատ խոհամտության վրա հիմնվի: Որպես Եվրոպական միության խորհուրդը նախագահող երկիր Բուլղարիան կաջակցի այս դիրքորոշման առաջ մղմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախագահ Ռադևը:

Ամենաընթերցվածը