Թուրքիան կորցրել է հավատը ԱՄՆ նկատմամբ. Թուրքիայի արտգործնախարար

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 14:47

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցին ընդառաջ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կամ կարգավորելու են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, կամ ամբողջությամբ վատանալու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նախարարն ընդգծել է, որ իրենք շատ հստակ ու պարզ ակնկալիքներ ունեն ԱՄՆ-ից: «Մեզ արդեն խոստումներ հարկավոր չեն, հստակ քայլեր ենք ցանկանում: Անհրաժեշտ է վերականգնել խարխլված վստահությունը, որպեսզի հնարավոր լինի խոսել որոշ թեմաներով»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, թե ԱՄՆ կողմից իրենք լուրջ սխալներ են նկատել: «Միացյալ Նահանգները չի պահում մեզ տված խոսքերը: Բնական է, որ ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ մենք՝ ղեկավարներս, կորցրել ենք հավատն այդ երկրի նկատմամբ: Խոսքերի փոխարեն հստակ քայլեր ենք ուզելու Թիլերսոնից: Մեր հարաբերությունները կրիտիկական կետի վրա են: Կամ հարաբերությունները կվերականգնվեն, կամ էլ այդ հարաբերություններն ամբողջությամբ կփչանան»,- ասել է Չավուշօղլուն:

ԱՄՆ-ի հետ պաշտոնական Անկարայի հարաբերությունները լարվել էին Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ ամերիկյան իշխանությունները հրաժարվեցին Թուրքիային հանձնել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական կողմը մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Ավելի ուշ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին: Թուրքական կողմը իր զայրույթը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ն զինում է Սիրիայի քրդական PYD-ի զինյալներին, որին պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Ամենաընթերցվածը