Այս ձևով բանակցությունները շարունակել հնարավոր չէ. Արմեն Ռուստամյան

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 13:08
ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն այսօր անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ հիմա Մինսկի խումբ ունի երկու հիմնական խնդիր: «Մեկն այն էր, որ մենք միշտ ասում էինք՝ բանակցությունները լիարժեք լինելու համար պետք է այդ բանակցություններում ընդգրկվի նաև Ղարաբաղը: Հիմա առաջացել է մի նոր խնդիր՝ պետք է բանակցելի դարձնել Արդբեջանին, այսինքն՝ բերել իրական բանակցությունների սեղան: Ադրբեջանն այսպիսի պահվածքով ու հայտարարություններով ուղղակի անբանակցելի կողմ է դարձել, այս ձևով բանակցությունները շարունակել հնարավոր չէ»,- ասաց Ռուստամյանը: Նա հավելեց, որ միջնորդ կողմերը պետք է առաջին հերթին հետևյալ հարցը լուծեն՝ չի կարելի բանակցել ու միաժամանակ պատերազմել: Ըստ Ռուստամյանի՝ համանախագահների հայտարարությունն անուղղակի պատասխան էր Ալիևի հոխորտացող հայտարարություններին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ակնհայտ է՝ այդ հայտարարությունը վերաբերում է ադրբեջանական կողմին, բայց հստակ չէ հայտարարության տեքստը: «Ժամանակն է, որ պետք է հասցեական, հստակ հայտարարություններ լինեն, թե ովքեր են սադրիչներն ու հրահրողները: Եվ մենք որևէ անգամ մեր գոհունակությունը չենք հայտնել այդ կապակցությամբ»,- ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է անընդհատ պնդի, որ սահմանին մշտադիտարկման սարքերը պարտադիր ներդրվեն: Պետք է հասնել այն բանին, որ Մինսկի խումբը տա հասցեական գնահատականներ:

Ելք խմբացության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ մենք գիտենք, որ հայտարարությունը հասցեագրված է Արդբեջանին, բայց, ցավոք սրտի, համանախագահները շարունակում են խուսափել դա կոնկրետ ձևակերպելուց:

«Եթե ասում են՝ կողմերին կոչ ենք անում սադրիչ գործողություններից զերծ մնալ, ես չեմ պատկերացնում, թե ՀՀ կողմից ինչ սադրիչ գործողություններ կարող են լինել: Այն սադրանքները, որոնք տեղի են ունենում, տրամաբանորեն մեզ ձեռնտու չեն, որովհետև մեզ ձեռնտու են խաղաղ ու հանգիստ բանակցությունները»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ խայտառակություն է, որ մինչև հիմա Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Ադրբեջանը խայտառակ կերպով կարողանում է խուսափել այդ պայմանավորվածությունները կատարելուց, և դա, ըստ Փաշինյանի, առաջին հերթին խայտառակություն է ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահների համար:

Ամենաընթերցվածը