Իսրայելը թռիչքների համար փակել է օդային տարածքի մի մասը

  • Քաղաքականություն - 10 Փետրվարի 2018, 14:36
Իսրայելի ավիացիոն ուժերը հայտնել են, որ երկրի զգալի հատվածում փակել են օդային տարածքը: Երկրի գլխավոր օդանավակայանը, սակայն, շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով՝ չնայած իրանական անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի թռիչքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղի իշխանությունները հայտնել են նաև, որ փետրվարի 10-ի առավոտյան՝ դեպքերի ամենաթեժ պահին, 15-20 րոպեով հետաձգվել են Թել Ավիվի միջազգային օդանավակայանից թռիչք և վայրէջք իրականացնող մի քանի ինքնաթիռների թռիչքներ:

«Ներկայում օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով: Շֆաիմից հյուսիս ողջ օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար»,- ասվում է Իսրայելի օդանավակայանների ղեկավարման գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերից հայտնել էին, որ վերցրել են Սիրիայից այդ երկրի տարածք ներխուժած իրանական անօդաչու թռչող սարքի կառավարումը: Դրան ի պատասխան նրանք հարձակվել են Սիրիայի տարածքում իրանական թիրախների վրա:

Դրանից հետո, Իսրայելի զինված ուժերից տեղեկացրեցին երկրի հյուսիսում Սիրիայից օդային հարվածի հետևանքով իսրայելական F-16 ռազմական կործանիչի ընկնելու մասին: Ինքնաթիռի անձնակազմը ողջ էր մնացել:

Ուշագրավ է, որ սիրիական SANA գործակալության տվյալներով՝ իսրայելական կողմը հարձակվել է երկրի կենտրոնում պետական ռազմական օբյեկտների վրա, ինչին ի պատասխան սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հարվածներ են հասցրել իսրայելական ինքնաթիռներին:

Ամենաընթերցվածը