Հայաստանի վրացական մաքոքի ուշագրավ պտույտը

    • Քաղաքականություն - 13 Հունվարի 2018, 20:24
Նախորդ շաբաթ բավական աշխույժ էր Վրաստանում Հայաստանի դեսպանը, ով հանդիպել էր նախ Վրաստանում ԱՄՆ, հետո Իրանի դեսպաններին: Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը Հայաստանի դեսպանի դիվանագիտական այդօրինակ աշխուժությունն անկասկած արժանի է ուշադրության, հատկապես նկատի ունենալով այն, թե որ երկրների դեսպանների հետ է հանդիպել նա:

Երկու հանդիպումները չունեն բովանդակային ընդհանրություն, այդուհանդերձ դրանք դիտարկվում են աշխարհքաղաքական մի շարք զարգացումների ընդհանուր դիապազոնում, որոնց մի զգալի եւ առանցքային մաս դինամիկ ու լարված զարգացում էր ունենում հենց տոնական օրերին՝ օրինակ Իրանի իրադարձությունները, նաեւ դրանցում ուղղակի թե անուղղակի ԱՄՆ անվան շոշափումը, նաեւ ԱՄՆ նախագահի բաց տեքստով հայտարարությունները:

Ավելին, իրավիճակն առավել քան ուշագրավ դարձավ օրերս Իրանի նախագահի հայտարարությունների ֆոնին, որ հնչել էին իրանական պետական հեռուստաալիքներից մեկով: Հասան Ռոհանին հայտարարել էր, թե իրանցիները ունեն ցույցերի եւ իշխանությանը պահանջ ներկայացնելու իրավունք եւ դա պետք է լինի լսելի: Ռոհանին հայտարարել էր, որ ցույցերի թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգեւոր դասը, որը խոչընդոտում է բարեփոխումներին եւ Արեւմուտքի հետ հարաբերության բարելավմանը:

Այդ հայտարարության համատեքստում, ԱՄՆ դիրքորոշումը ցույցերի նկատմամբ սկսում է երեւակվել բոլորովին այլ լույսի ներքո, մասնավորապես Իրանի ռեֆորմատորական թեւի համար ստանալով գործնականում այլ նշանակություն, ընդհուպ անուղղակի օժանդակության ուրվագծերով:

Առանցքայինն այստեղ այն է նաեւ, որ Հայաստանը դիվանագիտական ակտիվության հարթակ է դիտարկում Վրաստանը՝ այնտեղ իր դիվանագիտական առաքելության միջոցով:

Այդ հանգամանքն էլ իր հերթին դիտարժան է դառնում դեկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի ֆոնին, որից հետո, ի դեպ, Սարգսյանը մեկնեց Մոսկվա ԱՊՀ ոչ պաշտոնական Վեհաժողովին: Վրաստան այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե քննարկել են փոխադարձ տարանցիկ տրանսպորտային ներուժն աշխուժացնելու հարցը:

Արդյոք հենց տարեսկզբին Հայաստանի դեսպանի աշխուժությունն ու հանդիպումները պլանավորված էին Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 25-ի վրացական այցի համատեքստում:

Իսկ տարեսկզբին վրացական հարթակում ծավալվող այդ նվազագույնն առերեւույթ մաքոքային աշխուժությունն արդյոք բնորոշ կլինի հայ-վրացական ուղղությամբ ամբողջ 2018 թվականին, ու ամենակարեւորը՝ ինչ շոշափելի եւ ռազմավարական արդյունք կարող է այն արձանագրել ի վերջո:

Հայ-վրացական համակողմանի եւ ընդգրկուն կոոպերացիայի ռազմավարական բնույթը էական նշանակություն ունեցող հանգամանք է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ ռեգիոնալ իրավիճակի եւ անվտանգության միջազգային համակարգի համար: Կովկասի անվտանգության նոր համակարգը չի կարող կայանալ առանց այդ ռազմավարական կոոպերացիայի, իսկ դա էլ իր հերթին իհարկե չի կարող սկզբունքային իրողություն լինել, առանց աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ ուժային մի քանի կենտրոնների փոխհամաձայնության, նվազագույնը այն ֆորմատով, որ դե յուրե եւ դե ֆակտո ներգրավված է արցախյան խնդրում՝ Կովկասի անվտանգության հիմքում խաղաղությունն ու ստատուս-քվոն պահելու գործընթացում: Դրանք Մինսկի խմբի երեք համանախագահներն են եւ Իրանը:

Ամենաընթերցվածը