Ռուսաստանի ռազմարդյունաբերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն առնչվի Հայաստանին. Ստյոպա Սաֆարյան

    • Քաղաքականություն - 10 Հունվարի 2018, 17:20
Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող առնչվել Հայաստանին, քանի որ ԱՄՆ-ն զգայուն քաղաքականություն է վարում Հայաստանի անվտանգության հարցում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե այդ պատժամիջոցները կարող են ներառել նաև Հայաստանի և Ադրբեջանի ռազմա-տեխնիկական հարաբերությունը ՌԴ հետ:

«Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մի քանի խոշորագույն ընկերություններ պատժամիջոցների ցանկում են, այդ թվում՝ Կալաշնիկով ընկերությունը: Նախ պետք է հասկանալ, թե Հայաստանը պատժամիջոցների տակ գտնվող ընկերություններից որոնցից է սպառազինություններ ձեռք բերում, բայց մի բան ակնհայտ է՝ այդ գնումները Հայաստանի համար լուջ խնդիրներ չեն առաջացնի: Ես չեմ ասում, որ լավ բան է պատժամիջոցի տակ ընկած ընկերությունից ապրանք գնելը, բայց նույն ռուսական Գազպրոմ ընկերությունը նույնպես պատժամիջոցների տակ է, իսկ մենք Գազպրոմից գազ ենք գնում: Իհարկե, ամերիկյան կողմի այս պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի տնտեսությանը հարվածելն է, որպեսզի այդ երկիրը վերանայի իր քաղաքականությունը, բայց չեմ կարծում, որ եթե նույնիսկ այդ ցանկում կա ընկերություն, որից Հայաստանը սպառազինություն է գնում, ապա այդ գնումը Հայաստանի համար մեծ խնդիրներ կառաջացնի»,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ ԱՄՆ-ն հրաշալի գիտակցում է Ռուսաստանի մեծ տնտեսական ու ռազմաքաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա: «ԱՄՆ-ն բարեբախտաբար աշխարհի այն պետություններից է, որն ամենազգայունն է Հայաստանի անվտանգության խնդիրների նկատմամբ»,- հավելեց նա:

Միաժամանակ քաղաքագետը չի բացառում, որ ռուսական ընկերությունների վրա պատժամիջոցների կիրառումը կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանն աշխատանք տանի այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ:

«Հիշում եք Չիանստանի հետ կապված պատմությունը, երբ ռուսական մամուլը սուր արձագանքեց Հայաստանի և Չինաստանի ռազմատեխնիկական հնարավոր համագործակցության տեղեկությանը: Հետևաբար, չեմ կարող բացառել այդ տարբերակը, բայց եթե նույնիսկ Հայաստանի ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական անվտանգության խնդիրները լուծվեն այն կազմակերպությունների հաշվին, որոնք պատժամիջոցների տակ են, չեմ կարծում, թե ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը կվերանայի»,- հավելեց նա:

Ստյոպա Սաֆարյանը նաև կարծում է, որ ռուսական ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները լավ հնավորություն են, որպեսզի Հայաստանի իշխանությունները մտածեն սեփական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու մասին:

«Ես շատ կուզեմ, որ այդ պատժամիջոցներն ազդեն ռուսական զենքի արտադրության ծավալների վրա, որ Հայաստանում խելքները գլուխները հավաքեն և հասկանան, որ սպառազինություններ արտադրելու ժամանակն է, եթե չասեմ, որ արդեն ուշացել ենք»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը