ԱՄՆ-ն Հայաստանին բան է փոխանցել Վրաստանից

    • Քաղաքականություն - 09 Հունվարի 2018, 23:55
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է այդ երկրում ԱՄՆ դեսան Յան Քելիի հետ: Հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ մատնանշվող բովանդակությունն ուշագրավ է: Ուշագրավ է առաջին հերթին թերեւս նրանով, որ այդ բովանդակությունը ոչ այնքան հանդիպման մասին պատմելու, որքան հակառակը՝ բուն բովանդակությունը ծածկելու համար է:

Վրաստանում Հայաստանի դեսպանը Վրաստանում ԱՄՆ դեսպանին հայտնել է տեղեկություններ Արցախի գործընթացի, Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլ հարցերի վերաբերյալ, որոնց համար կարծես թե բացարձակապես չկար այդ հանդիպման իմաստը, եւ այդ տեղեկությունները Հայաստանից, այն էլ այդ հարցերում առավել քաջատեղյակ պաշտոնյաներից ԱՄՆ կարող էր ստանալ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության միջոցով:

Հետեւաբար, ո՞րն է եղել Վրաստանում Հայաստանի եւ ԱՄՆ դեսպանների հանդիպման նպատակը, իմաստը: Հայաստա՞նն է այդ խողովակով փորձել ինչ որ բան փոխանցել կամ ճշտել Նահանգներից, թե՞ Նահանգներն են Վրաստանից ինչ որ բան փոխանցել Հայաստանին՝ դեսպանի միջոցով:

Իհարկե, այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչու՞ որեւէ բան չփոխանցել հենց Հայաստանի դիվանագիտական առաքելության միջոցով: Հետաքրքիր է, Վրաստանն այդ իմաստով Հայաստանի համար կարծես թե ունի որոշակի հաղորդակցման հարթակի դեր: Մասնավորապես, դեռեւս նախորդ դեսպան Յուրի Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում նա հանդիպել էր Վրաստանում Իրանի դեսպանի հետ:

Ի՞նչ հաղորդակցություն է եղել Հայաստանի ու ԱՄՆ միջեւ Վրաստանում երկու երկրների դեսպանների մակարդկում, եւ ինչու՞ հենց այդ մակարդակով կամ ձեւաչափով: Յան Քելին ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ամենափորձառու դիվանագետներից է, խորհրդային միության մասնագետ, Պետքարտուղարությունում ղեկավարել է Ռուսաստանի բաժինը, աշխատել է ՆԱՏՕ-ում, ԵԱՀԿ-ում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը:

2018 թվականը մեկնարկում է տարածաշրջանային բավական բուռն մթնոլորտում, եւ այդ իմաստով խոսելու օրակարգի պակաս անկասկած չէր զգացվի, սակայն հատկապե՞ս ինչն է եղել առանցքը՝ Իրա՞նը, Թուրքիա՞ն, Ռուսաստա՞նը, թե Արցախի գործընթացը:

Գուշակությամբ զբաղվել անշուշտ չարժե: Թերեւս արժե միայն ավելացնել, որ այդ ամենը հետաքրքիր է դառնում թե տարվա մեկնարկի բավական բուռն արտաքին ֆոնի, թե նաեւ Հայաստանում տարվա մեկնարկի առաջին օրերին Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի շուրջ որոշակի խորհրդավոր իրավիճակի առումով:

Միեւնույն ժամանակ, ամենեւին բացառված չէ իհարկե, որ հանդիպումը չի ունեցել այդօրինակ ընդգրկուն կամ բազմավեկտոր տեղեկատվական խորհրդապահական օրակարգ, այլ ավելի պարզ նպատակ կամ նկատառում՝ հայ-վրացական կոոպերացիայի դիտարկում ռազմա-քաղաքական իմաստով, որպես տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի առանցք կամ ողնաշար:

Բացառված չէ, որ ԱՄՆ այդ առումով փորձել է դիտարկել Հայաստանի լրջմտությունը՝ ի դեմս Վրաստանում Հայաստանի դեսպանի:

Ամենաընթերցվածը