Երուսաղեմի խնդիրը

  • Քաղաքականություն - 07 Դեկտեմբերի 2017, 22:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթով կատարում է իր նախընտրական խոստումները: Դեկտեմբերի 6-ին նա Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և հրամանագիր ստորագրել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:

Պաղեստինը, արաբական և մուսուլմանական բազմաթիվ երկրներ Թրամփին հորդորել են չգնալ այդ քայլին, քանի որ դա կվիժեցնի խաղաղության գործընթացը և նոր լարվածության պատճառ կդառնա: Թրամփը չլսեց արաբներին ու մուսուլմաններին, իսկ պաղեստինցիները պատրաստվում են ինթիֆադայի: Ինթիֆադան, թերեւս, պաղեստինյան ամենահայտնի «բրենդն է», որն ապստամբությունն է Իսրայելի օկուպացիոն քաղաքականության դեմ և դիմադրությունը ձեռքի տակ եղած միջոցներով, որին մասնակցում են բոլորը՝ դեռահասներից մինչև ծերերը: Պաղեստինցիներն առաջին ինթիֆադան սկսել են 1987 թվականին: Եթե նորը սկսվի, կլինի երրորդը:

Ցանկալի պատառ բոլոր կայսրությունների համար

Երուսաղեմը կամ, ինչպես արաբներն են ասում, Կուդսը, քաղաքական առումով խիստ բարդ քաղաք է: Նախ, այն քրիստոնեության, հուդայականության և իսլամի համար սրբազան վայր է: Այստեղ է գտնվում Տիրոջ գերեզմանը, Լացի պատը և Ալ-Աքսա մզկիթը: Երուսաղեմի հին թաղամասը բաժանված է 4 մասի՝ Հայկական, Մուսուլմանական, Հրեական, Քրիստոնեական թաղամասերի:

Դարերի ընթացքում Երուսաղեմն անցել է տարածաշրջանային բոլոր տերությունների տիրապետության տակ՝ եգիպտական, ասորական, բաբելական, հռոմեական, պարսկական, բյուզանդական, արաբական, խաչակիրների, մամլուքյան, օսմանյան, բրիտանական:

19-րդ դարի վերջին Եվրոպայում բնակվող սիոնիստ գաղափարաբանները եզրակացության եկան, որ պետք է պատմական հայրենիքում պետություն ստեղծել: Հաջորդող տասնամյակների ընթացքում նրանք սկսեցին արաբներից հողեր գնել, իսկ Բրիտանիայից բնակեցման թույլտվություններ ստանալ:

Այսպես շարունակվեց մինչև 1948 թվականը, երբ բրիտանական կայսրությունը որոշեց հեռանալ Միջերկրականի ափից: 1948 թվականին ՄԱԿ որոշմամբ Անգլիայի մանդատի տակ գտնվող Պաղեստինում ստեղծվեց երկու պետություն՝ Պաղեստին և Իսրայել: Երուսաղեմի համար չգտնվեց այլ լավագույն լուծում, քան ՄԱԿ կառավարման ներքո հատուկ կարգավիճակի տրամադրումը:

Դեռ չստեղծված Պաղեստինը և հարևան արաբական երկրները դժգոհ էին բաժանումից և որոշեցին ուժի դիմել: 1948 թվականի պատերազմը խայտառակ ավարտ ունեցավ պաղեստինցիների, ինչպես նաև սիրիացիների, եգիպտացիների, հորդանանցիների և լիբանանցիների համար: Երուսաղեմը բաժանվեց երկու մասի՝ արևելյան հատվածն անցավ Հորդանանին, արևմտյանը՝ Իսրայելին:

Մոտ 20 տարի անց՝ 1967 թվականին, արաբները ևս մեկ պարտություն կրեցին, իսկ Երուսաղեմն ամբողջությամբ անցավ Իսրայելին: 1980 թվականին Իսրայելի Կնեսետն ընդունեց Երուսաղեմի մասին օրենք, որով այն հայտարարվեց Իսրայելի միասնական մայրաքաղաք: ՄԱԿ-ը և համաշխարհային հանրությունը չճանաչեցին այդ որոշումը:

Երուսաղեմի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության և բանակցությունների բարդագույն կետերից մեկն է: Պաղեստինյան վարչակազմը 2000 թվականին քաղաքը հռչակել է իր մայրաքաղաք, սակայն Իսրայելը թույլ չի տալիս վարչակազմին իր հաստատություններով տեղափոխվել Ռամալլահից: Իսրայելում դեմ են քաղաքի բաժանմանը:

Նիկոսիայի օրինակը

Երուսաղեմը միակը չէ, որ կարող է միաժամանակ երկու պետության մայրաքաղաք լինել: 1974 թվականից սկսած այդ կարգավիճակում է Նիկոսիան. այն մայրաքաղաք է ծառայում Կիպրոսի Հանրապետութան և չճանաչված թուրքական Կիպրոսի համար:

Հայաստանի արձագանքը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին հայտարարություն է տարածել. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»:

ՄՈՒՇԵՂ ՂԱՀՐԻՅԱՆ

Ամենաընթերցվածը