Նալբանդյանը Վիեննայում կհանդիպի ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

  • Քաղաքականություն - 05 Դեկտեմբերի 2017, 14:21
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։  

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

Դեկտեմբերի 9-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։

Ամենաընթերցվածը