Լավրովը շտապում է Երեւան. Ի՞նչ է կատարվել

    • Քաղաքականություն - 14 Նոյեմբերի 2017, 14:52
168 ժամ թերթի տվյալներով՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մեկօրյա այցերով նոյեմբերի 19-20-ին կլինի Բաքվում եւ Երեւանում: Այցի օրակարգում ղարաբաղյան կարգավորումն է:

Նոյեմբերի 13-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը: Երեկ անսպասելի հայտարարվեց, որ նոյեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Այնպիսի տպավորություն է, որ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Նալբանդյանին հրավիրել են Մոսկվա, սակայն ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները «թույլ չեն տվել» հայ-ռուսական սեպարատ բանակցություններ ու հանդիպում են նշանակել երեք համանախագահների հետ: Առավել եւս, որ դեռ 1 ամիս առաջ նոյեմբերի 12-ի համար Փարիզում հանդիպում էր նշանակված մոնիտորինգի հարցով, սակայն այն չգիտես ինչու չի կայացել:

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ չեն եղել, չնայած Էրդողանը Սոչի այցից առաջ երկու անգամ հայտարարել է, որ Պուտինի հետ խոսելու է Ղարաբաղի մասին: Ռուսական Կոմերսանտը գրում է, որ Էրդողանը չի կարողացել զիջումներ կորզել Պուտինից:

Եթե Լավրովի այցը Հայաստան ու Ադրբեջան հաստատվի, պետք է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է ինչ որ գործընթացներ արագացնել: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Հայաստան-ԵՄ համաձայնագրի հնարավոր ստորագրումից 1 շաբաթ առաջ:

Լավրովն ինչ-որ նոր պլա՞ն ունի, թե փորձելու է կողմերին «վերադարձնել» Կազանյան պլանին: Լավրովը կարո՞ղ է «անզգույշ» բառով Հայաստանում անցանկալի շարժումներ սադրել, որոնք կարող են խոչընդոտ լինել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին:

Այս համաձայնագիրը, չնայած արտաքին անտարբերությանը, Ռուսաստանի որոշ շրջանակներում, ինչպես նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում անհանգստությամբ են ընդունում: Իր հերթին, ստորագրումից մեկ ամիս առաջ համաձայնագրի տեքստը հրապարակվել է, եւ բոլորը տեսել են, որ դրանում «անհարմար» բան չկա:

Ստորագրումը թույլ չտալու մյուս տարբերակը սադրանքն է սահմանին: Սակայն նոյեմբերի 9-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ է հրավիրվել, որտեղ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը միանշանակ հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է եւ պնդել են, որ զսպող մեխանիզմներ ներդրվեն: Դա նշանակում է, որ ռազմական գործողությունները սկսողին կոշտ պատիժ է սպասվում:

Հնարավո՞ր է մեկ այլ տարբերակ՝ քաղաքական անկայունություն հրահրել Հայաստանում կարգավորման մասին որոշ հայտարարությունների կամ «արտահոսքերի» ձեւով:

Եթե Հայաստանի իշխանությունն իրոք տրամադրված է ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուն, եթե իրոք կայունություն ու խաղաղություն է ցանկանում, ապա պետք է «խնդրի» Ռուսաստանին մինչեւ նոյեմբերի 24-ը ղարաբաղյան հարցում զերծ մնալ միջնորդությունից:

Ամենաընթերցվածը