Էդմոն Մարուքյանը որեւէ խոչընդոտ չի տեսնում ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հարցում

  • Քաղաքականություն - 11 Նոյեմբերի 2017, 14:02
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջիկայում ԵՄ-Հայաստան համաձայնագրի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում համաձայնագրի դրույթների իրականացման արդյունքում Հայաստանը էլ ավելի առաջ կգնա:

«Այո, այսպես  կտրվում ենք այլ երկրներից, որոնք  չեն կարողացել բարեփոխումների հասնել կամ հասցնել համաձայնագիրն այս տեսքին: Մենք առանձնանում ենք Ադրբեջանից, Բելառուսից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքը արդեն իսկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին մինչեւ վերջ տանել համագործակցության համաձայնագրի շուրջ տարվող գործընթացն ու ստորագրել շրջանակային համաձայնագիրը:

«Մենք գիտենք մեր դերը, դա այն է, որ մենք մոնիթորինգի ենթարկենք արդեն ստորագրված, վավերացված համաձայնագիրը, որ որեւէ դրույթ չմնա թղթի վրա, որեւէ նախատեսված բարեփոխում իմիտացիայի տեսք չստանա, որ մեր քաղաքացիները ստանան իրական այն օգուտները, որոնք ընկած են փաստաթղթի հիմքում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը ասոցացված համաձայնագրի այն տարբերակն է, որը չի հակասում ԵԱՏՄ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին:

«Մենք իսկապես ունենք նորմալ փաստաթուղթ: Հետեւաբար, որևէ բան չի խանգարում, որ Հայաստանը մասնակցի գագաթաժողովին, ստորագրի փաստաթուղթը»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության  գագաթնաժողովի շրջանակում:

Ամենաընթերցվածը