Պուտինն ու Թրամփը հայտարարություն են տարածել Իսլամական պետությանը համատեղ հաղթելու մասին. Կրեմլ

  • Քաղաքականություն - 11 Նոյեմբերի 2017, 12:10
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:

Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նրանք նաև կոչ են արել սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ժնևյան գործընթացում:

Համատեղ հայտարարության տեքստում նշվում է նաև, որ նախագահները բացառում են սիրիական հակամարտության ռազմական կարգավորումը՝ ընդգծելով վերջնական քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ երկու ղեկավարների հանդիպում է լինելու, սակայն ավելի ուշ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որ հանդիպում չի կայանա Դոնալդ Թրամփի խիտ օրակարգի պատճառով: Թրամփի և Պուտինի շփումը ոտքի վրա է եղել, իսկ Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը կողմերը նախօրոք էին պատրաստել: 

Ամենաընթերցվածը