Դիրքավորում Մերձավոր Արևելքում. Լիբանանի վրա սև ամպեր են կուտակվում

  • Քաղաքականություն - 11 Նոյեմբերի 2017, 11:29
Սաադ Հարիրիի նկարով պաստառ Բեյրութում, որի վրա գրված է «բոլորս Հարիրի ենք»
Սաադ Հարիրիի նկարով պաստառ Բեյրութում, որի վրա գրված է «բոլորս Հարիրի ենք»
Անցել է 1 շաբաթ, ինչ հրաժարական է տվել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Խնդիրն այն է, որ նա հրաժարականի մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայում և անհետացել: Լիբանանում պնդում են, որ նրան պատանդ են պահում: Ինքը՝ Հարիրին, դեռ չի մեկնաբանել իր կամքով է մնում թագավորությունում, թե ստիպողաբար են պահում: Նոյեմբերի 10-ին անսպասելի այցով Սաուդյան Արաբիա է մեկնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ պարզի իրավիճակը:

Լիբանանը էթնոդավանաբանական առումով պառակտված երկիր է, իսկ կայունությունը պահպանվում է փխրուն կոնսենսուսի հիման վրա: Երկրի երեք խոշոր համայնքներն են մուսուլման շիաները և սուննիները և քրիստոնյա մարոնիները: Երկրի գլխավոր պաշտոններն էլ, համապատասխանաբար, բաշխված են այդ համայնքների միջև: Երկրի նախագահը մարոնի է, վարչապետը՝ սուննի, խորհրդարանի նախագահը՝ շիա:

Լիբանանը 1918-1943 թվականներին եղել է Ֆրանսիայի մանդատի ներքո, և Փարիզը շարունակում է մեծ ազդեցություն պահպանել այս փոքր երկրի վրա: Իրանը հովանավորում է շիաներին և նրանց ամենաազդեցիկ կառույցին՝ Հիզբալլահին, որն այժմ պատերազմում է Սիրիայում կառավարական ուժերի կողքին: Սաուդյան Արաբիան մեծ ազդեցություն ունի սուննի համայնքի վրա: Սաուդյան Արաբիան Լիբանանի խոշոր ներդրողներից մեկն է, սաուդցի արքայազների սիրելի հանգստավայրերից մեկը: Սաադ Հարիրիի ընտանիքը բիզնես և քաղաքական կապեր ունի Սաուդյան Արաբիան: Նրա հայրը՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, երկար տարիներ աշխատել է Սաուդյան Արաբիայում: Ի դեպ, Լիբանանում քաղաքացիական պատերազմին վերջ է դրվել 1989 թվականին սաուդական Տաիֆ քաղաքում ձեռքբերված համաձայնությամբ: Սաուդյան Արաբիան դրանից հետո էլ միջնորդական ջանքեր է գործադրել ներքաղաքական ճգնաժամերի հարթման գործում:

Սաուդյան Արաբիան և Իրանը՝ տարածաշրջանի երկու հզոր պետությունները, որոնք նաև գաղափարական հակառակորդներ են, ազդեցության պայքար են մղում տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում՝ Կատարից մինչև Լիբանան, Սիրիայից մինչև Եմեն: Օրինակ, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում պատերազմում է Իրանից աջակցվող հուսի ապստամբների հետ: Հարիրիի հրաժարականից ժամեր առաջ Եմենից բալիստիկ հրթիռ էր արձակվել սաուդական մայրաքաղաքի ուղղությամբ, որը չեզոքացվել էր: Էր Ռիյադը մեղադրել էր Թեհրանին:

Սաուդյան Արաբիան Լիբանանում Իրանի ազդեցությունը հավասարկշռելու համար որոշել էր 3 միլիարդ դոլար տրամադրել բանակի կարիքների համար, 1 միլիարդ էլ՝ ներքին անվտանգության կարիքների, սակայն 2016 թվականին կասեցրել է այդ որոշումը: Պատճառը, հավանաբար, այն էր, որ Բեյրութը չէր դատապարտել Թեհրանում սաուդական դեսպանատան վրա հարձակումը: Այժմ, ըստ երևույթին, Սաուդյան Արաբիայի համբերության բաժակը լցվել է և որոշել է կտրուկ քայլերի գնալ: Օրեր առաջ Էր Ռիյադը Բեյրութին անգամ մեղադրել էր պատերազմ հայտարարելու մեջ: Հարիրիի հրաժարականը և իրանա-սաուդական կոնֆլիկտը Լիբանանին սպառնում են անկայունության նոր փուլով: Ահա այստեղ շատ կարևոր է դառնում Ֆրանսիայի դերը: Մակրոնը Սաուդյան Արաբիայում շեշտել է Լիբանանում կայունության և երկրի ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

Սաուդա-իրանական կոնֆլիկտի սրման պայմաններում տարածաշրջանի երկրները բարդ վիճակում են և ստիպված են դիրքավորվել: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև մայիսին Կատարի շուրջ լարվածությունը, երբ արաբական մի շարք երկրներ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խզել էին կապերը Դոհայի հետ՝ մեղադրելով ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

Եթե տարածաշրջանը պայմանական բաժանենք Իրանի և Սաուդյան Արաբիայի դաշնակիցների, կունենանք հետևյալ տեսքը.

Սաուդական ճամբար – ԱՄԷ, Բահրեյն, Եգիպտոս, Եմենի կառավարություն, Հորդանան: Պոտենցիալ դաշնակից՝ Իսրայել

Իրանական ճամբար – Բաշար Ասադի կառավարություն, Իրաք, Հիզբալլահ, Եմենի ապստամբներ

Չեզոք երկրներ – Օման, Քուվեյթ, Լիբանանի կառավարություն

Ազատ խաղացող – Թուրքիա. Անկարան կփորձի թույլ չտալ, որ կողմերից մեկը վճռորոշ առավելություն ստանա:  

Մուշեղ Ղահրիյան

Ամենաընթերցվածը