ԱՄՆ-ն զգուշացրել է Հայաստանին

    • Քաղաքականություն - 08 Նոյեմբերի 2017, 17:46
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան ասել է, որ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: «Մենք մտքեր ենք փոխանակել այն մասին, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել գործընթացի առաջխաղացման համար: ԱՄՆ-ում նոր վարչակազմը որոշումներ է կայացրել, թե ինչպես է հարկավոր շարունակել տվյալ գործընթացը», ասել է նա: Սեկուտան նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը դրական քայլ է, բայց անհրաժեշտ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, կատարել լրացուցիչ աշխատանք:

Ինչ որոշումներ է կայացրել ԱՄՆ նոր վարչակազմը գործընթացը շարունակելու համար՝ դեսպանը չի մանրամասնել: Մեկ ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել էր արցախյան կարգավորման իր տեսլականը՝ աջակցելով Կոնգրեսի դիրքորոշմանն Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու եւ դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Պետք է ենթադրել, որ հենց այս երեք կետերն էլ վարչակազմի որոշումներն են ներկայիս փուլում: Նրանից հետո դիտարկման մեխանիզմների մասին խոսել էր նաեւ ամերիկացի նոր համանախագահ Շոֆերը:

Պետքարտուղարն այս մասին հայտարարել էր այն ժամանակ, երբ Վիեննայի օրակարգը կարծես թե «մոռացվել» էր կողմերի հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններում ու Մինսկի խմբի հայտարարություններում: Այդ մասին խոսակցություն չէր եղել նաեւ Ժնեւում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, ինչը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տվել, մասնավորապես այն առումով, որ հայկական կողմը նահանջել է բանակցությունը վերսկսելու իր իսկ պայմաններից, որոնք խոշոր հաշվով հենց Վիեննայի օրակարգն էին:

Ուշադրության է արժանի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության այն մասը, որը վերաբերվում է Ժնեւի հանդիպմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը դրական քայլ է, բայց անհրաժեշտ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, կատարել լրացուցիչ աշխատանք, ասել է նա: Դա կարող է նշանակել, որ ամերիկյան կողմը «սեպարատ» պայմանավորվածությունները բավարար չի համարում, ակնարկելով լրացուցիչ քայլերի, այսինքն՝ հետաքննության մեխանիզմի տեղակայման, կամ խոշոր հաշվով Արցախ-Ադրբեջան սահմանի միջազգային որոշակի «ճանաչման» մասին:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հետաքրքիր է նաեւ վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում Պուտին-Էրդողան «ղարաբաղյան պլանի» վերաբերյալ արտահոսքերի ֆոնին, ըստ որոնց՝ Ադրբեջանին է վերադարձվում 5 շրջան, Ադրբեջանը մտնում է ԵՏՄ ու ՀԱՊԿ, Ղարաբաղ է մտցվում ռուսական զորք:

Եթե հայկական կողմն իսկապես չի նահանջել իր պայմաններից, ապա բանակցությունները կարող են սկսվել միայն անվտանգության երաշխիքներից հետո, ինչպիսին հենց հետաքննության մեխանիզմի տեղակայումն է: Հակառակ դեպքում, եթե հայկական կողմը գնում է «սեպարատ» պայմանավորվածությունների, դա նշանակում է իրավիճակի վերադարձ նախաապրիլյան փուլ՝ Ադրբեջանի պատերազմի իրավունքով, կամ էլ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան «ձեւաչափ»՝ դրանից բխող հետեւանքներով:

Ամենաընթերցվածը