Սարգսյան-Ալիև հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Ժնևում. Արմեն Աշոտյան

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 22:01

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Նիստի ընթացքում հպանցիկ անդրադարձանք նաև գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված Հայաստանի դիրքորոշումներին բոլորը ծանոթ են, բոլորովին վերջերս ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ներկայացրել է այդ դիրքորոշումները: «Հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին և Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին»,- եզրափակեց Աշոտյանը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգման ձևավորման բանակցային սեղանին: «Այս տեսանկյունից մենք բազմիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ և անվտանգ միջավայր, ստեղծել միջադեպերի հետաքննության արժանահավատ մեխանիզմներ»,- եզրափակեց Աշոտյանը:

Ամենաընթերցվածը