Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ կանչելու գործում

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 15:32

Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից հետ կանչելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արտակարգ և լիազոր դեսպան, Հայ ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:

«Արտգործանախարարության հետ սկսեցինք աշխատել, եղան բազմաթիվ հանդիպումներ, հոդվածներ, բազմաթիվ կապեր հաստատեցինք տարբեր երկրների հետ: Փաստորեն մենք գործի դրեցինք հանրային դիվանագիտության փափուկ ուժի հնարավորությունները, և դա հոյակապ արդյունք տվեց»,-ասաց Արման Նավասարդյանը` նշելով, որ նման քաղաքական գիծը պետք է շարունակվի:

Իհարկե, հայկական դիվանագիտությունը լավ աշխատեց, սակայն Արման Նավասարդյանն ընդգծեց, որ այդ գործին նպաստեց հենց ինքը Բյուլբյուլօղլուն

«Նրա ելույթը կառանձնացնեի, այն աստիճանի էր, որ ծիծաղ էր առաջացնում ներկաների մոտ, դրանում կովկասյան բաժակաճառեր կային, կարմիր թելի պես ասում էր հետևյալը` ես շատ փող կբերեմ և բոլորիդ համար լավ կլինի: Այն աստիճան, որ ներկաներից մեկն ասաց` դուք միայն փողի մասին եք խոսում, իսկ ինչ ծրագրեր ունեք: Մի խոսքով, և էթիկայի, և դիվանագիտության, և քաղաքական մշակույթի ամենացածր մակարդակն էր»,-ասաց Արման Նավասարյանը: Արդյունքը եղավ այն, որ առաջին փուլում նա ստացավ երկու ձայն, որից հետո Ադրբեջանը պաշտոնապես հանեց նրա թեկնածությունը: Այս ամենը ցույց է տալիս, որ չօգնեցին այն հսկայական ֆինասնական ռեսուրսները, որ Ադրբեջանը դրել էր գործի մեջ:

Հոկտեմբերի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Նա գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:

Ամենաընթերցվածը