Շավարշ Քոչարյանը բացահայտեց բանակցության խնդիրը

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 13:50
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձել է հարցին, թե արդյոք հայկական կողմը դադարել է առաջ քաշել նախապայմանները, որոնք ապրիլյան պատերազմից հետո էր Սերժ Սարգսյանը թվարկել, և շարունակում է Ադրբեջանի հետ գնալ բանակցությունների:

«Դա հայկական կողմի նախապայման չէ, դա մի կողմից Ադրբեջանի պարտավորությունն է, մյուս կողմից համանախագահների շատ տրամաբանական մոտեցումը: Ո՞նց կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ավելին, ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնություն»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Նա հավելեց, որ բանակցությունները դոփում են նույն տեղում, քանի որ Բաքուն ի սկզբանե ընտրել էր ուժային տարբերակը:

Հարցին, թե ինչի՞ շուրջ է բանակցությունն այս փուլում, Քոչարյանը պատասխանեց, որ հենց վստահության մթնոլորտ ստեղծելու մասին են բանակցությունները:

«Միշտ մենք պետք է տարբերակենք երկու հարթություն՝ մեկը կապված վստահության մթնոլորտի ձևավորման հետ, առանց որի անհնար է առաջընթացը բանակցային գործընթացում: Մյուսը բուն բանակցային գործընթացում առաջընթացն է: Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ հող, դրական միտում, որը թույլ կտա խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ մի իրավիճակ է այսօր, երբ Արդբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել:

«Վերջիվերջո ինքը գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ, որոնք կոչվում են միջնորդ: Հիմա հարց՝ անվտանգության խորհրդի մշտական անդամների առաքելությունը կայանում է նրանում, որ որպեսզի աշխարհի որևէ ծայրում պատերազմ չլինի: Բայց եթե իրենք միջնորդ են և միջնորդ լինելով հանդերձ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է երեք մշտական անդամներին: Ադրբեջանը դա գիտի և փորձում է ինչ-որ ձև ձերբազատվել այդ ֆորմատից, որն իրեն չի հաջողվի»,- հայտարարեց Քոչարյանը:

Մանրամասնեը տեսանյութում


Ամենաընթերցվածը