Գլխավոր նպատակը հավասարակշռության պահպանումն է. ՀԱՊԿ շտաբի պետը` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 12:53

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն: Երևանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Սիդորովն ընդգծեց, որ Ադրբեջանը իր համար զենքի այլ մատակարար կգտներ, եթե նրան զենք չվաճառեր ՀԱՊԿ անդամ երկիրը:

«Ես այն կարծիքին եմ, որ երբ ինչ-որ երկրներ համագործակցում են, դրա համար կան ինստիտուտներ, ղեկավարներ, որոնք շատ խորը և լուրջ գնահատում են իրավիճակը: Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը հավասարակշռության պահպանումն է և հակամարտության վերջնական կարգավորումը: Եթե Ադրբեջանը տրամադրված է զենք ձեռք բերել, նա այն այսպես թե այնպես կգտնի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սիդորովը:

Նա հույս հայտնեց, որ տարբեր կառույցների գործողությունները կհանգեցնեն տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության: «Չնայած այն հանգամանքին, որ ես ուսադիրներ եմ կրում` համոզված եմ, որ այդ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»,- ընդգծեց ՀԱՊԿ միացյալ շտաբի հրամանատարը:

Ամենաընթերցվածը