Ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի նոր վարկ

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2017, 20:29

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:   

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Նախագծի հիմնավորման համաձայն համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին:

Ամենաընթերցվածը