Սերժ Սարգսյանը շրջապատման մեջ Սոչիում

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2017, 19:24
Այս լուսանկարը Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նախագահների հանդիպումից է: Սերժ Սարգսյանի կողքերին նստած են Լուկաշենկոն, Ալիեւն ու Նազարբաեւը: Նազարբաեւը Ալիեւի պրովայդերն է եվրասիական կառույցներում, Լուկաշենկոն՝ զենքի հիմնական մատակարարներից մեկը: Ներկայում Լուկաշենկոն ցանկանում է Ադրբեջանին մատակարարել Պոլոնեզ հրթիռային համազարկի կայանքներ, որոնք հեռահարությամբ մրցակցում են Իսկանդերի հետ:

Սերժ Սարգսյանը ուշադիր ինչ որ թղթեր է նայում, ի տարբերություն մյուսների, ինչը նույնպես ուշագրավ է: Կամ ժամանակին չի հասցրել ծանոթանալ դրանց, կամ նրան են տվել վերջին պահին: Չի բացառվում, որ Սարգսյանը ցանկանում է համոզվել, որ թղթերով ամեն ինչ կարգին է, օրինակ՝ խոսք չկա Լավրովի պլանի մասին: Կամ էլ որ Նազարբաեւը կրկին անակնկալ չի պատրաստել, ինչպես ԵՏՄ հայտնի ժողովի ժամանակ, երբ կարդաց Ալիեւի նամակը:

Հնարավոր է բոլոր տարբերակներն էլ տեղ ունեն, քանի որ Սարգսյանը, ի տարբերություն մյուսների, լուրջ է վերաբերվում ԱՊՀ-ին ու մյուս հետխորհրդային բլոկներին: Ինչ որ առումով դա արդարացված է՝ այդ բլոկներում հավաքված են Հայաստանի հանդեպ թշնամական գործողություններ իրականացնող երկրներ, եւ պետք է զգոն լինել: Առավել եւս, որ Հայաստանն իր քաղաքակրթական նախասկզբի ու քաղաքական շահերի տեսանկյունից օտար մարմին է այդ բլոկներում, որտեղ պարբերաբար «արժանանում է» նվաստացումների, եւ որտեղ նրա շահերը կամ անտեսվում են, կամ ծառայեցվում այլ հարաբերությունների:

Հայաստանի պարագայում սակայն ուշագրավ իրավիճակ է, որը հնարավոր է նաեւ այդ «օտարությամբ» է պայմանավորված: Որքան Հայաստանն ավելի է «ինտեգրվում» այդ բլոկներին, այնքան հեռանում է դրանցից, քանի որ ինտեգրման աստիճանին զուգահեռ բացահայտվում են նորանոր հակասություններ ու խնդիրներ, որոնք գնալով ավելի դժվար է լինում հարթել:

Իր հերթին, այդ հակասությունները բացում են մեկ այլ իրականություն ու տարածություն, որտեղ հստակ երեւում են հայկական շահերի իրացման հնարավորությունները, եւ արդեն դժվար է «դիմադրել» այդ իրականությանը:

Մինչ այդ, Սերժ Սարգսյանը պետք է ուշադիր կարդա բոլոր թղթերը՝ խառը ժամանակներ են, բլեֆի ու իրականության սահմանները՝ խիստ լղոզված: Օրինակ, Ադրբեջանի ԵՏՄ-ացումը, ինչին ատամները սրած սպասում են եվրասիական «դաշնակիցները»:

Ամենաընթերցվածը