Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2017, 18:55
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների և արդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև միջազգային գործունեության վերաբերյալ հարցեր:Առանցքային թեմաներից մեկը մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է:

Նիստին կներկայացվեն 2018թ. ընթացքում Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Նախագահներին տեղեկատվություն կներկայացվի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից:Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անդամները կծանոթանան անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի և 2016թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին: Քննարկման կներկայացվի նաև «ճանապարհային քարտեզի» մշակման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարականը՝ ուղղված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանը: 

Օրակարգի մյուս հարցը Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և գեոտեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունն է: Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները նիստում կհաստատեն ԵԱՏՄ Դատարանի նախագահին և նրա տեղակալին: Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում է Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությանը: 

Ամենաընթերցվածը