Եվրոպական միությունը տրամադրել է 15.2 մլն եվրո Հայաստանում զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման բարեփոխումների համար

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2017, 16:46
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:

«Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդները ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշում է դեսպանը ծրագրի մասին:

Ծրագրի հիմնական իրականացնողներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:

Բյուջետային աջակցման նոր փուլի ազդարարման հետ մեկտեղ Արմավիրի արվեստի պետական քոլեջում պաշտոնապես բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում: Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով:

Այս ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ երիտասարդներ: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է գործնականում հաջողության հասնել մասնագիտական կրթության, զբաղվածության և ներառական զարգացման ոլորտներում:

ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը և սոցիալական ձեռնարկության բացումը տեղի ունեցան «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Արշավը մեկնարկել է հոկտեմբերի 9-ից 13-ը՝ մի շարք միջոցառումներով հանրությանն իրազեկելու կրթության և զբաղվածության ոլորտում ԵՄ-Հայաստան գործակցության մասին և նշանավորելու շարունակական կրթության կարևորությունը Հայաստանի քաղաքացիների համար:

Ամենաընթերցվածը