Երեւանի գլխավոր ուղերձը Թեհրանին. Ինչ է սպասվում Իրանի սահմանին

    • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2017, 16:37
Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի հանրային դիտարկումներում գերակշռում է շոշափված տնտեսական հեռանկարների հարցը: Այստեղ իհարկե կան դիտարկման արժանի զարգացումներ, թեեւ հերթական այցն էլ դասվեց հայ-իրանական այն փոխայցերի շարքին, որոնց ընթացքում շատ է խոսվում երկու երկրների հարաբերության մեծ ներուժի մասին, սակայն չկան մեծ նախագծերի մասին կոնկրետ խոսակցություններ, եթե իհարկե չհաշվենք բարձրավոլտ էլեկտրագծերի կառուցման մասին հայտարարությունները, որոնք, տպավորություն է, թե շարունակվում են դեռեւս Ավարայրի ճակատամարտից:

Տնտեսական օրակարգից բացի, իսկ գուցե ամենից առաջ, Կարեն Կարապետյանի այցը թերեւս նշանակալից է եղել օրակարգային այլ հարցով, համենայն դեպս գոնե իրանական կողմի համար: Ավելին, պետք չէ բացառել, որ Հայաստանի մասով հետաքրքրությունների առումով Իրանն առայժմ ուշադրության է արժանացնում միայն այդ հարցը, այլ հարցերում առայժմ բավարարվելով բարեկամական հայտարարություններով:

Խոսքը վերաբերում է Արցախի խնդրին եւ հնարավոր զարգացումներին: Այդ իմաստով, հատկանշական է, որ Կարեն Կարապետյանի իրանական այցը համընկավ կամ անմիջապես հաջորդեց Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին, որի ընթացքում քննարկվում էր Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումը: Համանախագահները այցից հետո հայտարարեցին, որ Սարգսյանն ու Ալիեւը տվել են հանդիպման հավանություն: Բայց նրանք չնշեցին, թե երբ է լինելու հանդիպումը եւ ինչ օրակարգով:

Հետո եղան հրապարակումներ ռուսական մեդիայում, որ քննարկվելու է այսպես կոչված լավրովյան պլանը: Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե Հայաստանը բանակցության է վերադառնալու առանց առաջ քաշած պայմանները բավարարելու, այսինքն առանց հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի: Սերժ Սարգսյանը տվեց բավական կոշտ արձագանք: Մյուս կողմից, ԱՄՆ պետքարտուղարությունը մի քանի օր առաջ հայտարարեց, որ իր համար այդ մեխանիզմը առաջնահերթ է, նաեւ դիպուկահարների հետքաշումը, իսկ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը այցելեց տարածաշրջան ու հանդիպեց նաեւ Արցախի պաշտպանության նախարարին:

Ինչպես բնորոշ է արցախյան գործընթացին, դրա աշխույժ փուլերում բավականին տարաբնույթ եւ տարամետ են տեղեկատվական հոսքերը, պայմանավորված նաեւ քարոզչական պատերազմից բխող իրարամերժությամբ:

Իրանը այդ գործընթացի ամենաշահագրգռված կողմերից մեկն է, լիովին հասկանալի պատճառով՝ Իրանը սահմանակից է հակամարտության գոտուն: Ըստ այդմ, Թեհրանի համար կարեւոր է հասկանալ, թե ինչ է կատարվում: Եվ առանցքային կարեւորություն ներկայացնող հանգամանքն այն է, ինչպես բազմաթիվ անգամ ուղղակիորեն արտահայտել է Իրանը, թե արդյոք հնարավոր է հյուսիսային սահմանին ստատուս-քվոյի որեւէ փոփոխության գործընթաց եւ երրորդ ուժի հայտնվելու հեռանկար:

Ներկայում Հայաստանի մասով պաշտոնական Թեհրանին հետաքրքրող գլխավոր թեման թերեւս դա է: Կարեն Կարապետյանի այցի տեսքով ուղղված գլխավոր ազդակը վերաբերել է թերեւս արցախյան խնդրին եւ այն հարցին, թե արդյոք Երեւանը պահում է ստատուս-քվոն եւ Իրանի հյուսիսային սահմանին հայկական վերահսկողությունը, ի՞նչ է լինելու Սարգսյան-Ալիեւ հանդիման հնարավոր օրակարգը՝ որտեղ էլ այն տեղի ունենա, եւ Իրանն ունի՞ այդ հարցերում անհանգստանալու տեղ, թե ոչ:

Դատելով Կարեն Կարապետյանի հետ քննարկումների տոնայնությունից, Թեհրանը Երեւանից եկած ազդակում չի տեսել անհանգստանալու պատճառ կամ առիթ:

Ամենաընթերցվածը